28-ամյա երիտասարդն ընկել է զբոսաշրջային նավից, 15 ժամ անցկացրել Մեքսիկական ծոցի ջրերում, մինչ առափնյա պահպանությունը փրկել է նրան: Այս մասին հայտնում է New York Post-ը։

Carnival Valor նավի ուղեւորի անհետանալը նկատել է նրա քույրը. Նրանք չորեքշաբթի՝ նոյեմբերի 23-ի երեկոյան միասին խմելիս են եղել նավի բարերից մեկում։ Ժամը 23։00-ի սահմաններում տղամարդը գնացել է զուգարան ու չի վերադարձել։ Կորածի հարազատներից մեկը, չգիտես ինչու, նրա անհետացման մասին միայն հաջորդ օրվա կեսին է հայտնել։

Դրանից հետո նավը հետ է շարժվել դեպի Նոր Օռլեան, եւ փրկարարները սկսել են տղամարդու որոնումներն օվկիանոսում։ Նրան հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ին են հայտնաբերել Լուիզիանայի ափերի մոտ եւ բարձրացրել առափնյա պահպանության ուղղաթիռ: Հատուկ ծառայությունների աշխատակիցները տղամարդու ողջ մնալը հրաշք են անվանել։

Տուժածին տեղափոխել են Նոր Օռլեանի հիվանդանոցներից մեկը։ Տղամարդը ցրտահարվել է, շոկ է ապրել եւ նրա մոտ ջրազրկում է սկսվել, սակայն բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատել։