Գերմանիայի կառավարությունն առաջ է տանում Եվրամիության ամենաբազմամարդ երկրում քաղաքացիության կանոնների մեղմացման ծրագրերը՝ արժանանալով պահպանողական ընդդիմության հարձակումներին, հայտնում է AP-ն։

Կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Գերմանիան շատերի համար վաղուց «հույսի երկիր» է եղել, եւ լավ է, երբ երկրում արմատացած մարդիկ որոշում են քաղաքացիություն ստանալ. «Գերմանիային ավելի լավ կանոններ են պետք այս բոլոր տղամարդկանց եւ կանանց բնականացնելու համար»:

Քաղաքացիության կանոնների վերանայումը արդիականացնող բարեփոխումների շարքից մեկն է, որը Շոլցի եռակողմ կոալիցիան համաձայնել է իրականացնել: Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ օրինագիծը «գործնականում պատրաստ է»:

Անցյալ տարվա կոալիցիոն համաձայնագրում ասվում է, որ Գերմանիայի քաղաքացիություն կարելի է ստանալ հինգ տարի հետո, կամ երեք տարի հետո՝ «հատուկ ինտեգրացիոն ձեռքբերումների» դեպքում, այլ ոչ թե ութ կամ վեց տարի հետո, ինչպես հիմա է։ Գերմանիայում ծնված երեխաներն ինքնաբերաբար քաղաքացիություն են ստանում, եթե ծնողներից մեկը օրինական կերպով առնվազն հինգ տարի բնակվում է երկրում:

Կառավարությունը ցանկանում է վերացնել նաեւ երկքաղաքացիության սահմանափակումները։ Սկզբունքորեն, Եվրամիության երկրներից եւ Շվեյցարիայից դուրս եկած մարդկանց մեծամասնությունը ներկայումս պարտավոր է հրաժարվել իր նախկին քաղաքացիությունից Գերմանիայի քաղաքացիություն ձեռք բերելու ժամանակ, թեեւ կան որոշ բացառություններ:

Ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերը ասել է, որ քաղաքացիություն ստանալու համար սպասելու ժամանակը կրճատելը «խթանում է մարդկանց ինտեգրմանը»: Նպատակը իրականությունն արտացոլելն է. «Մենք բազմազան, ժամանակակից ներգաղթի երկիր ենք, եւ ես կարծում եմ, որ օրենսդրությունը պետք է արտացոլի դա»:

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցյալ տարի Գերմանիայի քաղաքացիություն է ձեռք բերել մոտ 131 600 մարդ, որոնց մեկ քառորդը ԵՄ անդամ այլ պետություններից են։ Այս թիվը 20%-ով ավելի է, քան նախորդ տարի, մասամբ այն պատճառով, որ ավելի շատ սիրիացիներ են քաղաքացիություն ձեռք բերել: Գերմանիայի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 84 միլիոն մարդ։