Ճապոնիան ծրագրում է պաշտպանական ծախսերը սահմանել ավելի քան 40 տրիլիոն իեն (290 միլիարդ դոլար)՝ որպես հաջորդ հնգամյա պաշտպանական ծրագրի մի մաս, որը կսկսվի 2023-ի ֆինանսական տարուց, հայտնում է The Yomiuri Shimbun-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Այսպիսով պետությունը նպատակ ունի պաշտպանական այս ծախսերը, գումարած հարակից ծախսերը, ինչպիսիք են անվտանգության հետազոտություններն ու զարգացումները, մինչեւ 2027 թվականը հասցնել երկրի համախառն ներքին արդյունքի առնվազն 2%-ին:

Մինչեւ տարեվերջ Ազգային անվտանգության ռազմավարության եւ ազգային պաշտպանության ծրագրի ուղեցույցների հետ միասին կվերանայվի գործող ծրագիրը: Քանի որ ներկայիս միջնաժամկետ պաշտպանության ծրագիրը սահմանում է ընդհանուր պաշտպանական ծախսերը մոտ 27,47 տրլն իեն, կառավարությունը մտադիր է զգալիորեն ավելացնել այս ցուցանիշը՝ երկրի պաշտպանունակությունը կտրուկ ուժեղացնելու համար:

Երկրի նախնական պաշտպանական բյուջեն 2022 ֆինանսական տարվա համար կազմել է ՀՆԱ-ի 0,96%-ը։ Ճապոնիայի տնտեսության ներկայիս չափի դեպքում 2%-ը կազմում է տարեկան մոտ 11 տրլն իեն:

Պաշտպանության նախարարությունն առաջարկել է, որ հաջորդ ծրագիրը ներառի մոտ 48 տրլն իեն պաշտպանական ծախսեր, մինչդեռ ֆինանսների նախարարությունը ողջամիտ է համարում մոտ 35 տրլն իենը։ Պաշտպանության նախարար Յասուկազու Համադան եւ ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկին շարունակում են բանակցությունները։

Ֆինանսների նախարարությունը կոչ է արել կրճատել պաշտպանության բյուջեն՝ ասելով, որ շատ կետեր ծախսերի արդյունավետության տեսանկյունից կասկածելի են: Այնուամենայնիվ, նախարարությունը կարծես թե այլ ելք չունի, քան բյուջեի ավելացմանը համաձայնելը:

Կառավարությունը անհրաժեշտ է համարել պաշտպանական ծախսերը սահմանել ավելի քան 40 տրիլիոն իեն՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտասահմանում մասամբ ցույց տալու համար երկրի պաշտպանական ներուժը կտրուկ ուժեղացնելու իր վճռականությունը:

Ճապոնիայի պաշտպանական բյուջեն 2022 ֆինանսական տարում կազմել է մոտ 5,4 տրիլիոն իեն եւ ակնկալվում է, որ հաջորդ ֆինանսական տարում կգերազանցի 6 տրիլիոնը: Կառավարությունը մտադիր է տարեկան ավելացնել այս գումարը մինչեւ 2027 ֆինանսական տարին։