Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, հայտարարել է, որ կաջակցի Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսին, եթե նա առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։

Այս ամսվա սկզբին ԴեՍանտիսը վերընտրվել է Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնում՝ Հանրապետական կուսակցությունում ամրացնելով իր կարգավիճակը որպես ծագող աստղ, հայտնում է CNBC-ն։

Քաղաքական փորձագետները գովաբանում են ԴեՍանտիսին, որը համարվում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պոտենցիալ մրցակիցը 2024 թվականի հանրապետականների նախագահական ցուցակում: Իր թեկնածություն առաջարկելու մասին Թրամփը հայտարարել էր 10 օր առաջ։

«Ես նախընտրում եմ խելամիտ եւ կենտրոնամետ մեկին: Ես հույս ունեի, որ Բայդենի վարչակազմի դեպքում այդպես կլինի, սակայն առայժմ ես հիասթափված եմ»,- գրել է Մասկը Twitter-ում:

«Այո», - նա պատասխանել է Twitter-ում, երբ նրան հարցրել են, արդյոք նա կաջակցի ԴեՍանտիսին 2024 թվականին։

«Հիշեցման կարգով, ես Օբամայի եւ Բայդենի նախագահությունների ակտիվ կողմնակիցն էի եւ դժկամությամբ քվեարկեցի Բայդենի օգտին», - նշել է Twitter-ի սեփականատերը:

Մասկը ավելի վաղ ասել էր, որ հակված է աջակցելու ԴեՍանտիսին 2024 թվականի ընտրություններում՝ հավելելով, որ Ֆլորիդայի նահանգապետը ընտրություններում հեշտությամբ կհաղթի Բայդենին:

ԴեՍանտիսը հատկապես սիրված է պահպանողականների շրջանում՝ ռասայական եւ սեռական պատկանելությանն առնչվող մշակութային պատերազմի հարցերում առաջնորդություն վերցնելու համար: Նահանգապետի պաշտոնում նրա գործունեությունը նշանավորվել է համաճարակի հետ կապված առողջապահական սահմանափակումների մերժմամբ, դպրոցներում ԼԳԲՏ խնդիրների քննարկումը սահմանափակող օրենսդրության ընդունմամբ: