Շատ երկար տարիներ եւ Իսրայելը, եւ ԱՄՆ-ն աշխատում են այն ուղղությամբ, որ Արդբեջանը Իրանի դեմ պլացդարմի վերածվի:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Լիհայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Արման Գրիգորյանը:

«Գաղտնիք չէ, որ Իսրայելն ու Ադրբեջանը ունեն շատ սերտ, ջերմ հարաբերություններ, եւ Իսրայելի վերաբերմունքն Իրանի նկատմամբ, Ադրբեջանի նկատմամբ, ինչ-որ առումով նաեւ ԱՄՆ-ի վերաբերմունքն է Իրանի նկատմամբ, գուցե ոչ նույն սրությամբ ու միակողմանիությամբ: Դա պատահականություն չէ, որովհետեւ շատ հաճախ ԱՄՆ-ի վերաբերմունքն Իրանի նկատմամբ պայմանավորված է իրանա-իսրայելական հարաբերություններով:

Ընդհանուր ապակայունացման բաներ կան ամբողջ աշխարհում եւ մեր տարածաշրջանում այդ վտանգը եւս կա: Իրանի համար շատ մեծ խնդիր է, որ կարող են Հայաստանի հետ սահմանը կորցնել: Միջանցքի մասին խոսակցությունները լուրջ անհանգստություն են առաջացրել Իրանում:

Բացի դրանից, քանի դեռ Ադրբեջանը զբաղված էր Արցախի հարցով, քանի դեռ Արցախի հարց ուներ, քանի դեռ Հայաստանը լուրջ հակառակորդ էր Ադրբեջանի համար, Իրանը այդքան մեծ անհանգստություն կարող էր չունենալ Ադրբեջանի կապակցությամբ: Իսկ նրանք ունեն ֆունդամենտալ խնդիր՝ Իրանում ադրբեջանցի բնակչության խնդիրը: Հիմա Ադրբեջանում շատը տարածված են այդ թեմայի շուրջ խոսակցությունները, եւ Իսրայելը մեծ եռանդով քաջալերում է դրանք»,-ասաց նա:

Արման Գրիգորյանի խոսքով, ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Սալիվանի հայտարարությունից, թե իրենք կպաշտպանեն Ադրբեջանին Իրանից, պետք չի զարմանալ. «Մի կողմից իրենք պատրաստականություն են հայտնել պաշտպանել Ադրբեջանին Իրանից, որը իրենց հակառակորդն է, որի հետ ունեն թշնամական հարաբերություններ, մյուս կողմից իրենց համար սա հավելյալ հնարավորություն է Իրանի նկատմամբ ճնշում դնելու: Ինձ զարմացնում են հայտարարությունները, թե Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ինչ-որ բանակցություններ կան, երկուսն էլ անհանգստացած են միջանցքով եւ համագործակցում են Ռուսաստանի եւ Թուրքիայի դեմ:  Սա, իմ կարծիքով, լուրջ չէ:

Պետք է հասկանալ, ի գիտություն ընդունել, թե ԱՄՆ-ի շահերը այս տարածաշրջանում ինչից են բաղկացած: Չպետք է պատրանքներ, սին հույսեր ունենալ, որ կգան մեզ կպաշտպանեն, զենք կվաճառեն, Իրանի հետ դաշինք կկնքեն Թուրքիայի  եւ Ադրբեջանի ու Ռուսաստանի դեմ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր վիճակը շատ ծանր է, մեր ունեցած դաշնակիցները մեր նույնիսկ նվազագույն կարիքները չեն բավարարում: Նման դեպքում ուրիշ տեղից աջակցություն եւ դաշնակիցներ փնտրելու  ցանկությունը բնական է, բայց մի բան է բնական ցանկություն ունենալը, մեկ այլ բան է այդ սառը հաշվարկ անելը եւ դառը իրողություններն ընդունելը, որը մենք պետք է անենք»,-ասաց Արման Գրիգորյանը:

Նա անդրադարձավ նաեւ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո այդ երկրի վարքագծին՝ նշելով. «Հաղթանակից հետո որոշ երկրներ վատ են վարվում: Հաղթանակի հետ վատ վարվեցինք նաեւ մենք, հաղթանակից հետո վատ են վարվել շատ երկրներ, որոնք կանգնել են փորձանքի առջեւ: Հաղթանակը, շատ հճախ, հանգեցնում է սեփական ուժերի գերագնահատման, նոր ամբիցիաների ձեռքբերման, որը տվյալ երկրի հնարավորություններից վեր է: Կարծում եմ՝ Ադրբեջանում հիմա այդպիսի տրամադրություններ կան: Իհարկե, միայն իրենց տարած հաղթանակը չի, իրենց շուրջ ձեւավորված դիվանագիտական միջավայրը եւս նպաստում է իրենց լկտիանալուն: Բոլորը շատ բարյացկամ են վերաբերում Ադրբեջանին, շատերն աշխատում են իրենց հետ սերտ ու ջերմ հարաբերություններ ունենալ:

Եթե քաջալերանք կա հզոր երկրների կողմից, Ադրբեջանի համար այդ գայթակղությանը դժվար է դիմանալը, բայց ես իրենց փոխարեն կդիմանայի այդ գայթակղությանը: Դա շատ վտանգավոր խաղ է: Դա կարող է Ադրբեջանի համար շատ վատ հետեւանքներ ունենալ: Մասնավորապես, եթե խորը էսկալացիա եւ ռազմական առճակատում լինի Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, չի բացառվում, իհարկե, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը լուրջ աջակցություն ցուցաբերեն Ադրբեջանին, բայց այդ դեպքում դրանով չի սահմանափակվելու, ուրիշ մեծ երկրների շահերն են այստեղ առկա լինելու: Եվ արդյոք Ադրբեջանը կարող է մարսել նման  բան, թե ոչ, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում»,-ընդգծեց նա: