Ֆրանսիացին, ով աշխատանքից հեռացվել է «չափազանց ձանձրալի» լինելու համար, շահել է ընկերության դեմ ներկայացված դատական հայցը:

Անանուն աշխատակիցը, որը նույնականացվել է որպես պարոն Թ, եղել է փարիզյան Cubik Partners խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու, որը հայտնի է իր «զվարճալի եւ պրոֆեսիոնալ» մոտեցմամբ, հաղորդում է The Telegraph-ը: Ընկերությունը կազմակերպել է աշխատակիցների մի շարք պարտադիր երեկույթներ՝ թիմային ոգին բարձրացնելու համար:

Մասնավորապես, ըստ վերաքննիչ դատարանի, ընկերությունը ստիպել է աշխատակիցներին «շաբաթվա վերջում մասնակցել սեմինարների եւ խմել, ինչը հաճախ հանգեցնում էր չափից շատ ալկոհոլի օգտագործման՝ իր հետեւանքներով»։

Ավելորդ է ասել, որ Թ.-ն ձեռնպահ է մնացել «Ուոլ սթրիթի գայլ» ոճի խնջույքներից՝ պատճառաբանելով, որ համաձայն չէ «ժամանց» սահմանման հետ, ինչի հետեւանքով 2015 թվականին նա հեռացվել է աշխատանքից՝ «մասնագիտական ​​անբավարարության» եւ «տոնական» մթնոլորտը ճիշտ չկազմակերպելու հիմքով, որը փորձում էր ստեղծել խորհրդատվական ընկերությունը։ Թ.-ի հեռացման այլ պատճառներից են եղել ձանձրալի լինելը, վատ լսելը եւ դժվար աշխատելը, հայտնում է The Telegraph-ը:

Յոթ տարի անց Փարիզի վերաքննիչ դատարանը վերջապես անցել է Թ.-ի կողմը: Դատարանը որոշել է, որ նախկին աշխատակիցն օգտագործել է իր «խոսքի ազատությունը»՝ ձեռնպահ մնալով պարտադիր խրախճանքներից, որոնք կապված են «անառակության, ահաբեկման, տարբեր ձեւերի ավելորդությունների եւ չարաշահումների» հետ:

Եզրակացվել է, որ Cubik Partners-ի «ժամանցային» մշակույթը խախտում է Թ-ի «արժանապատվության եւ գաղտնիության հարգման հիմնարար իրավունքը»:

Որպես փոխհատուցում դատարանը պարտավորեցրել է ընկերությանը նախկին աշխատակցին վճարել 3114 դոլար։ Սակայն դրանից հետո նա պահանջել է եւս 478,789 դոլար, ինչը դատարանը կքննարկի: