The Economist-ը մոդելավորել է ձմռանը Եվրոպայում էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճի ազդեցությունը մահացության թվի վրա եւ եզրակացրել, որ, սովորական ձմռան պայմաներրում, էներգիայի ընթացիկ արժեքը, հավանաբար, կհանգեցնի լրացուցիչ 147 հազար մահվան: Ծանր ձմռանը այս ցուցանիշը կարող է հասնել 185 հազարի, իսկ մեղմ ձմռանը կարող է մահանալ 79 հազար մարդ:

The Economist-ի վիճակագրական մոդելը ներառում էր ԵՄ բոլոր երկրները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան եւ Շվեյցարիան։

Ամեն դեպքում, ակնկալվում է, որ այս ձմռանը ջերմաստիճանը, վերջին տասնամյակների համեմատ, էքստրեմալ չի լինի։

Մոդելը ցույց է տվել, որ միջին եղանակային պայմաններում էլեկտրաէներգիայի 10 տոկոս թանկացումը կապված է մահացությունների 0,6 տոկոս աճի հետ։

Արդյունքների համաձայն՝ Իտալիայում, որտեղ տարեց բնակչությունն ավելի շատ է եւ գործում են էլեկտրաէներգիայի բարձր գներ, ամենաշատ մահերը կգրանցվեն։ Նման իրավիճակ է նաեւ Էստոնիայում եւ Ֆինլանդիայում։

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ավելի լավ իրավիճակում են: Իսկ Ավստրիայում, որը սահմանել է շատ առատաձեռն գների առաստաղ, սպասվում է, որ ձմռանը մահացությունը կնվազի: