Պղնձի գինը երկուշաբթի իջնում է 1,8 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։ Չինաստանում տեղի ունեցող բողոքները կարանտինային սահմանափակումների պատճառով ազդում են մետաղի պահանջարկի վրա, գնանշումները զսպում է նաեւ դոլարի ուժեղացումը։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 1,83 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,564 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, կրճատվել է 0,41 տոկոսով՝ 8 008 դոլար, ալյումինիումինը՝ 0,21 տոկոսով՝ 2 362,5 դոլար, ցինկինը բարձրացել է  0,09 տոկոսով՝ 2 920,5 դոլար։

Չինաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում Պեկինում եւ Շանհայում, տեղի են ունենում ցույցեր կարանտինային սահմանափակումների խստացման պատճառով։ Հակաքովիդային միջոցառումները խստացել են այն բանից հետո, երբ երկրում COVID-19-ով վարակման օրական դեպքերը մի քանի օրվա ընթացքում թարմացրել են ռեկորդը։