Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-27-ը Դիլիջանում տեղի է ունեցել վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատավորների համատեղ աշխատաժողովի առաջին փուլը, որին մասնակցել են հակակոռուպցիոն և քրեական մասնագիտացմամբ 120 դատավոր, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ:

ԲԴԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատաժողովի ընթացքում առաջնահերթ քննարկվել են չափազանց երկար տևող դատավարությունների և բազմաթիվ գործերով ուշացող արդարադատության հիմնախնդրի լուծման եղանակները: Այդ ամենի հիմնական պատճառը հանդիսացող հանգամանքի` դատավորների գերբեռնվածությունը նվազեցնող մեխանիզմների ուղղությամբ գտնվել են օրենսդրական և կազմակերպչական կոնկրետ լուծումներ: Քննարկվել են նաև դատավորների գնահատման համակարգի հիմնովին փոփոխության, դատական վճիռների և ողջ պրակտիկայի կատարելագործման հարցեր: Այս փոփոխությունների ներդրումը կնպաստի արդար դատավճիռների էական աճին, դատավորների առաջխաղացման առավել արդարացի համակարգի ձևավորմանը, առանձին դատավորների կարողությունների զարգացմանն ու որպես այդ ամենի արդյունք` դատական իշխանության հեղինակության բարձրացմանը:

Աշխատաժողովին ներկա արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի պատգամավորներ՝ Արուսյակ Ջուլհակյանը և Լիլիթ Մինասյանն ու ԲԴԽ-ի միջազգային գործընկերները մասնակցել են այն քննարկումներին, որտեղ վեր են հանվել հրատապ լուծում պահանջող մի շարք օրենսդրական խնդիրներ:

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով և օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարաններն ու դատական գործընթացները, ինչը էականորեն կնվազեցնի դատավորների գերծանրաբեռնվածությունը և արդարադատության ուշացումները:

Հաջորդ շաբաթ տեղի կունենա աշխատաժողովի երկրորդ փուլը, որին կմասնակցեն քաղաքացիական, վարչական և սնանկության դատարանների շուրջ 150 դատավորներ՝ բոլոր երեք ատյաններից: