Հունաստանի Հետախուզության ազգային ծառայությունը զբաղվել է նախարարների, գերատեսչությունների գլխավոր քարտուղարների եւ նախարարների խորհրդականների, խորհրդարանականների, դատախազների, գործարարների եւ հեռուստահաղորդավարների հեռախոսների գաղտնալսմամբ։ Լրտեսված անձանց հերթական ցուցակը հրապարակել է Documento հունական թերթը։

Պարբերականի տվյալներով՝ լրտեսումն իրականացվել է Predator անլեգալ ծրագրային ապահովման օգնությամբ։ Լրտեսման ենթարկված անձանց մեջ են, ինչպես նշվել է թերթի հրապարակման մեջ, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոաննիս Իկոնոմուն, կրթության նախարար Նիկի Կերամեոսը, «Փոփոխությունների շարժում» կուսակցության պատգամավոր Անդրեաս Լովերդոսը, տնտեսական գործերով դատախազության ղեկավար Խրիստոս Բարդակիսը, դատախազ Վասիլիկի Վլախուն, Հունաստանի նախկին ոստիկանապետ, այժմ՝ քաղաքացիների պաշտպանության գործերի նախարարության գլխավոր քարտուղար Յորգաս Միլոնակիսը եւ նրա կինը։ Ցուցակում ընդգրկված է 33 անուն, այդ թվում քաղաքական գործիչներ, լրագրողներ եւ համալսարանների դասախոսներ։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ավելի վաղ հրաժարվել էր արտահերթ ընտրությունների անցկացումից՝ գերագույն դատարանի այն որոշման պատճառով, որ պետք է հետաքննվի  հայտնի քաղաքական գործիչների եւ լրագրողների գաղնալսման հետ կապված աղմկահարույց գործը։