Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանին հայտարարել է պետության գանձարան ավելի քան 182 մլրդ իրաքյան դինարի (մոտ 125 մլն դոլար) վերադարձի մասին, որոնք հափշտակվել էին հարկային մարմիններից։ Բաղդադում մամուլի ասուլիսի ժամանակ արված նրա հայտարարությունը փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իրավասու մարմիններին հաջողվել է վերադարձնել դրամական միջոցների առաջին մասը՝ ավելի քան 182 մլրդ դինարի չափով»- ասել է աս-Սուդանին։

Նրա խոսքով՝ քննչական հանձնաժողովը պարզել է այն մարդկանց, որոնք նպաստել են  տրաստային ֆոնդերի հափշտակմանը։ Նրանց մեջ էին հարկային տեսչության եւ հսկիչ այլ մարմինների աշխատակիցներ։

Հոկտեմբերին Իրաքի իշխանությունները հայտարարել էին երկրի կառավարության նախկին կազմի 27 պաշտոնյայի հետախուզում։ Ինչպես տեղեկացրել է իրաքյան ինտեգրման հանձնաժողովի ներկայացուցիչը, մեղադրյալների մեջ Ալավիի կառավարության չորս նախարար կա՝ պաշտպանության նախկին նախարար Խազեմ Շաալանը, ինչպես նաեւ աշխատանքի, տրանսպորտի, էներգետիկայի եւ բնակարանային շինարարության նախկին նախարարները։ Հետախուզում է հայտարարվել նաեւ Իրաքի պաշտպանության նախարարության տասնյակ աշխատակիցների նկատմամբ։

Ինչպես կարծում են իրաքցի քննիչները, պաշտոնյաները վատնել են 1 մլրդ դոլարից մինչեւ 2,5 մլրդ դոլար՝ բարձրացված գներով սպառազինություններ գնելու համար։ Իրական եւ բարձրացված գների միջեւ տարբերությունը տեղ է գտել պաշտոնյաների գրպաններում։