Հնդկաստանի հարավային Քերալա նահանգում բողոքի ակցիայի մասնակիցների հետ բախումների հետեւանքով առնվազն 36 ոստիկան վիրավորվել է, հաղորդում է  Reuters-ը։

Կոֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալել է Վիժինջամա շրջանում Adani Group-ի կողմից իրականացվող նավահանգստի շինարարության դեմ բողոքող քաղաքացիներին։

900 միլիոն դոլար արժողությամբ նավահանգստի նախագիծը հավանության է արժանացել Հնդկաստանի կառավարության կողմից դեռ 2015 թվականին։ Սակայն միլիարդատեր Գաուտամա Ադանիի ընկերությանը դեռ չի հաջողվել սկսել շինարարությունը։

Սկզբում ընկերությունը լուծում էր հողատարածքի գնման հետ կապված հարցերը, այնուհետ կառուցումը ստիպված էին հետաձգել COVID-19-ի համավարակի պատճառով։

Ընկերությունը հույս ուներ նախագծի իրականացումն սկսել այս տարի, սակայն օգոստոսից տեղական բնակիչները՝ հիմնականում ձկնորսական համայնքի ներկայացուցիչները  խոչընդոտում են մուտքը շինհրապարակ։ Նրանք կարծում են, որ այդ շրջանում խոշոր նավահանգստի կառուցումը կուժեղացնի ափամերձ ապարների էրոզիան եւ ձկնորսներին կզրկի իրենց ապրուստի միջոցից։

Դատարանը որոշել է, որ շինարարությունն օրինական է, որից հետո նախորդ շաբաթվա վերջին տեխնիկան հերթական անգամ փորձել է մտնել օբյեկտ։ Բողոքի մասնակիցները կրկին փակել են մուտքը, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները։

 Adani Group-ում դեռ չեն մեկնաբանել կատարվածը։