Ցորենի գործարքի իրականացումը ցույց է տվել, որ իրավիճակի դիվանագիտական լուծումն Ուկրաինայում հնարավոր է, ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

«Այս դժվար օրերին, երբ հումանիտար արժեքները ենթարկվել են փորձությունների, Թուրքիան իր միջոցներն է առաջարկել նրանց, ովքեր դրանց կարիքն են ունեցել։ Մենք առաջին օրվանից ինտենսիվորեն աշխատել ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Մենք ցույց ենք տվել, որ դիվանագիտական լուծումը հնարավոր է ՝ Սեւ ծովով ցորենի միջանցքի եւ գերիների փոխանակման շուրջ համաձայնագրի շնորհիվ։ Համավարակով սկսված եւ էներգակիրների գների աճով խորացող ճգնաժամը շարունակվում է՝ նոր չափումներ ձեռք բերելով»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։

Ցորենի գործարքը, որը հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական ցորենի, պարենի եւ պարարտանյութերի դուրսբերում Սեւ ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Պայմանագրի ժամկետը լրանում էր նոյեմբերի 18-ին, բայց ենթադրում էր 120 օրով ինքնըստինքյան երկարացում, եթե չլիներ կողմերից որեւէ մեկի առարկությունը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «նման առարկություններ չի ստացել»՝ միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը նախատեսում է ուկրաինական ցորենի դուրսբերման «սեւծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարացում՝ առանց  ժամկետի եւ ընդգրկման որեւէ փոփոխության։