ԱՄՆ-ում տեղի 55-ամյա բնակչին, որը պահակ էր աշխատում, ցմահ ազատազրկման են դատապարտել՝ իր 25-ամյա սիրուհու եւ երեքամյա որդու սպանության համար, հայտնում է Daily Star-ը։

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականին՝ Օրեգոն նահանգում։ Աղջիկը ծանոթացել է ամուսնացած տղամարդու հետ, երբ վերջինս աշխատելիս է եղել գործարանում։ Հղիանալուց հետո սիրեկանը լքել է նրան, իսկ հետո նա որդի է ունեցել։

Որոշ ժամանակ անց ամերիկուհին ալիմենտի հայց է ներկայացրել։ 2019 թվականի ապրիլին դատարանը երեխայի համար վճարումներ է սահմանել՝ ամսական ավելի քան 900 դոլար։ Երեք օր անց աղջիկն ու երեխան անհետացել են։

Ոստիկաններն անմիջապես կասկածել են նրա սիրեկանին, սակայն նա կտրականապես հերքել է իր մեղքը։ Նրան, այնուամենայնիվ, ձերբակալել են։ Խուզարկության ժամանակ նրա մոտ թմրանյութեր են հայտնաբերել, որոնցով նա կարող էր քնեցնել իր զոհերին։

Տղամարդն ի վերջո խոստովանել է իր արածը։ Մեկ ամիս անց իրավապահները հայտնաբերել են մոր ու երեխայի քայքայված մարմինները։ Պարզվել է, որ տղամարդը կրակել է իր նախկին սիրուհու եւ որդու վրա, որից հետո նրանց մարմինները փաթաթել է բրեզենտով եւ նետել անտառ։