Բրյուսելում երկուշաբթի ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով պետությունից ավելի կոշտ արձագանքել ոստիկանների նկատմամբ բռնությանը, ինչպես նաեւ բարելավել իրենց աշխատանքային պայմանները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ոստիկանության աշխատակիցները ակցիային մասնակցել են քաղաքացիական հագուստով՝ «զինվելով» պաստառներով, արհմիությունների խորհրդանիշներով ու սուլիչներով։ Անվտանգությունն ապահովում են մի քանի տասնյակ ոստիկաններ։

Նոյեմբերի 10-ին մի տղամարդ դանակով հարձակվել էր պարեկային ծառայության վրա՝ վիրավորելով ոստիկանության երկու աշխատակցի։ Նրանցից մեկը որոշ ժամանակ հետո ստացված վերքերից մահացել էր։

Պարզվել էր, որ հարձակվողը՝ Բելգիայի 32-ամյա քաղաքացին, իրավապահ մարմիններին հայտնի է որպես «բռնությանը հակված ծայրահեղական»։

Սպանությանը օրը նա մտել էր ոստիկանական բաժանմունք՝ հարձակման սպառնալիքով։ Տղամարդուն չէին ձերբակալել, այլ գործող կանոնների համաձայն, ուղարկել էին հոգեբուժական փորձաքննության։

Բելգիայի ոստիկանության աշխատակիցներրի արհմիությունը, որը կազմակերպել է երկուշաբթի օրվա բողոքի ակցիան, կառավարությանը իշխանության ներկայացուցիչների դեմ բռնության կապակցությամբ «զրոյական հանդուրժողականության» կոչ է արել։

 «Համազգեստով մարդուն պետք է հարգեն, ոստիկանության նկատմամբ կիրառված ցանկացած բռնության համար պետք է խստորեն պատժել։ Սա դեռ չի գործում», - լրագրողներին ասել է արհմիության ներկայացուցիչը։

Հատկանշական է, որ ավելի վաղ ԶԼՄ-ն, ինչպես նաեւ  քաղաքական գործիչներն ու ակտիվիստները, հակառակը, Բելգիայի ոստիկանությանը մեղադրում էին քաղաքացիների, հատկապես բողոքի ակցիաներին մասնակցող երիտասարդների նկատմամբ չափազանց կոշտ վերաբերմունքի մեջ։