Ընդամենը մի քանի օր է պահանջվում, որ թուրքական բանակը պատրաստվի Սիրիայի հյուսիսում ցամաքային ներխուժման։ Նման որոշում կարող է ընդունվել երկուշաբթի կառավարության նիստում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին։

«Լիովին պատրաստ լինելու համար Թուրքիայի զինված ուժերին ընդամենը մի քանի օր է պետք»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ Թուրքիայի դաշնակից «սիրիական ապստամբները պատրաստ էին նման գործողության նոյեմբերի 13-ին Ստամբուլում ռմբակոծությունից ընդամենը մի քանի օր անց»:

«Գործողությունը կսկսվի մոտ ժամանակներս»,- ասել է նա։ «Դա կախված է միայն նախագահից»։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցամաքային գործողություն կսկսի, երբ «հարմար լինի»։

«Բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։ Հիմա դա քաղաքական որոշում է»,- ասել է մեկ այլ թուրք պաշտոնյա։

Թուրք առաջին պաշտոնյան հայտարարել է, որ անխուսափելի է Մանբիջի, Քոբանիի եւ Թել Ռիֆաթի շրջաններին ուղղված ցամաքային գործողությունը՝ Թուրքիայի եւ նրա սիրիացի դաշնակիցների վերահսկողության տակ գտնվող տարածքները 2016 թվականից ի վեր ներխուժումների հետ կապելու համար:

Ըստ աղբյուրի, Անկարան կապի մեջ է եղել Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ՝ կապված իր ռազմական գործողությունների հետ։