Եվրոպայի առաջատար ավտոարտադրող Գերմանիայում լիթիում-իոնային մարտկոցների գործարան կառուցելը Northvolt-ի համար հեշտ էր թվում: Սակայն ԱՄՆ-ի նոր օրենքը, որը հսկայական սուբսիդիաներ է առաջարկում էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների տեղական արտադրողներին, ընկերությանը ստիպել է մտածել, հաղորդում է Reuters-ը:

Գլխավոր տնօրեն Փիթեր Կառլսոնն ասել է, որ Գնաճի նվազեցման մասին օրենքի (IRA) համաձայն՝ շվեդական Northvolt ընկերությունը կարող է մինչեւ 800 միլիոն եվրո ԱՄՆ պետական աջակցություն ստանալ՝ էլեկտրական մեքենաների մարտկոցների գործարան կառուցելու համար:

Նրա խոսքով՝ դա մոտավորապես չորս անգամ ավելի է, քան առաջարկում է Գերմանիայի կառավարությունը՝ ԱՄՆ-ում էներգակիրների ավելի ցածր գների պայմաններում: Արդյունքում, ընկերությունը դիտարկում է Գերմանիայի հյուսիսում գտնվող Հայդե քաղաքում գործարան կառուցելու իր ծրագրերը հետաձգելու հնարավորությունը:

«Այժմ մենք կարող ենք առաջնահերթություն տալ ԱՄՆ-ում ընդլայնմանը, այլ ոչ թե Եվրոպայում»,- ասել է Կառլսոնը:

Այլ ընկերությունների ղեկավարները վերջին շաբաթներին աջակցել են այդ կարծիքին, ինչը վկայում է այն մասին, որ ամերիկյան 430 միլիարդ դոլարի օրենքը սկսում է Եվրոպայի արտադրական կենտրոնից ներդրումներ գրավել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներում:

Օրենքը նախատեսում է հարկային արտոնություններ՝ կապված մաքուր տեխնոլոգիաներում ներդրումների հետ, ինչպես նաեւ հարկային արտոնություններ սպառողների համար, որոնք Հյուսիսային Ամերիկայում արտադրված էլեկտրամոբիլ կամ էկոլոգիապես մաքուր այլ արտադրանք են գնում:

Գերմանական ավտոարտադրողներն ու մատակարարները, որոնց համար ԱՄՆ-ը արտահանման հիմնական շուկան է, դրա ամենամեծ զոհերից են։

Գերմանիայի Առեւտրի եւ արդյունաբերության պալատի (DIHK) հոկտեմբերյան հարցումը ցույց է տվել, որ ընկերությունների 39 տոկոսը ցանկանում է ավելացնել ներդրումները ԱՄՆ-ում՝ Եվրոպայում 32 տոկոսի համեմատ:

Իսկ DIHK-ի առեւտրային տնօրեն Ֆոլկեր Թրեյերն ասել է, որ ամերիկա-գերմանական առեւտրի պալատները գերմանական ներդրումների աճ են տեսնում ԱՄՆ-ում, հատկապես՝ ավտոմոբիլային ոլորտում:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը Handelsblatt թերթին ասել է, թե վտանգ կա, որ «տեխնոլոգիական նորարարության հաջորդ ալիքը կշրջանցի Եվրոպան»՝ նորարարությունը Եվրոպային էներգետիկ ճգնաժամից դուրս գալու բանալին է:

Արդյունաբերական աշխատատեղերը կարող են «անհետանալ Գերմանիայից եւ Եվրոպայից», Reuters-ին ասել է Գերմանիայում իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լարս Քլինգբեյլը:

Հաբեկը եւ նրա ֆրանսիացի գործընկեր Բրունո Լը Մերը անցյալ շաբաթ հորդորել են եվրոպացիներին կոշտ դիրքորոշում ընդունել ԱՄՆ-ի օրենքի նկատմամբ, որը, նրանց կարծիքով, խախտում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները:

Դեռեւս ոչ մի երկիր պաշտոնապես հայց չի ներկայացրել IRA-ի դեմ առեւտրային մարմնին, թեեւ եւ՛ Չինաստանը, եւ՛ Ռուսաստանը դրա վերաբերյալ մտահոգություններ են հայտնել հոկտեմբերի 25-ին ԱՀԿ-ի սուբսիդիաների վերաբերյալ հանդիպման ժամանակ:

Եվրոպան եւ Միացյալ Նահանգները, որոնք ձգտում են միասնական ճակատով հանդես գալ ուկրաինական պատերազմի պայմաններում, բանակցում են օրենքի որոշ մասերի հնարավոր չեղարկման շուրջ կամ փնտրում են բացառություններ եվրոպական ընկերությունների համար՝ Մեքսիկայի եւ Կանադայի օրինակով:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այս շաբաթ ԱՄՆ կատարած պետական այցի ժամանակ կփորձի համոզել Վաշինգտոնին, որ եվրոպական ընկերությունների թուլացումը չի բխում նրանց շահերից, մինչդեռ արեւմտյան դաշնակիցները բախվում են Չինաստանի կոշտ մրցակցությանը։

Գերմանիայում աճում են նաեւ եվրոպական ինքնաբավության քննադատությունը եւ մրցունակության միջոցներ ձեռնարկելու կոչերը:

«Ավելի արագ որոշումներ (նախագծերի վերաբերյալ), սուբսիդիաներ… այլ ֆինանսական աջակցություն ընկերություններին՝ ահա հնարավոր լուծումներից մի քանիսը»,- ասել է Հաբեկը:

Նրա խոսքով, Եվրոպան ունի իր սեփական խոշոր սուբսիդիաները, որոնք հասանելի են կանաչ տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների համար. խնդիրը դրանց ժամանակին մոբիլիզացման եւ տեղական ու ազգային իշխանություններից անհրաժեշտ թույլտվություններ ստանալու մեջ է:

Սա պատճառներից մեկն է, որ CMBlu Energy գերմանական ընկերությունը, որը մշակել է մաքուր էներգիայի մարտկոցներ, որոշել է իր առաջին գործարանը Միացյալ Նահանգներում կառուցել, ասել է գլխավոր տնօրեն Պիտեր Գայգլը:

«Մենք, միեւնույն է, պետք է փոխենք մեր արդյունաբերական քաղաքականությունը, քանի որ շատ քիչ ժամանակ ունենք»,- ասել է Հաբեկը: «Մենք չենք կարող 12 տարվա ընթացքում ջրածնի գործարանի կառուցում մեզ թույլ տալ»։

Երկուշաբթի օրը Volkswagen ապրանքանիշի գլխավոր տնօրեն Թոմաս Շեֆերը Եվրամիությանը մեղադրել է «պետական օգնության հնացած եւ բյուրոկրատական կանոնների պահպանման» համար։