Լոբբիստական խումբը, որին աջակցում է Իլոն Մասկը եւ, որը կապված է տեխնոլոգիական միլիարդատերերի շրջանում տարածված հակասական գաղափարախոսության հետ, պայքարում է, որ մարդասպան ռոբոտները չոչնչացնեն մարդկությանը, եւ այդ նպատակով Արհեստական բանականության մասին եվրոպական օրենքի փոփոխությունների գործընթաց է սկսել, գրում է Politico-ն:

«Կյանքի ապագայի ինստիտուտը» (FLI) վերջին տարիներին ազդեցություն է թողել ԱԲ-ի մասին օրենքի առավել վիճելի որոշ տարրերի վրա: Չնայած Սիլիկոնային հովտի հետ խմբի կապերին, խոշոր տեխնոլոգիական հսկաները, ինչպիսիք են Google-ը եւ Microsoft-ը, հայտնվել են FLI-ի փաստարկների պարտվող կողմում:

Ոմանց անհանգստացնում է, որ ինստիտուտը անձնավորում է տեխնոլոգիական անհանգստությունները քիչ հավանական սպառնալիքների վերաբերյալ, որոնք կարող են ուշադրությունը շեղել ավելի հրատապ խնդիրներից: Սակայն շատերը համաձայն են, որ FLI-ն արդյունավետ է եղել Բրյուսելում գտնվելու ընթացքում:

«Նրանք բավականին պրագմատիկ են եւ ունեն իրավաբանական ու տեխնիկական գիտելիքներ»,- ասել է Եվրախորհրդարանի աջ կենտրոնամետ պատգամավոր Աքսել Վոսի թվային քաղաքականության հարցերով խորհրդական Կայ Զենները, որն աշխատում է ԱԲ մասին օրենքի վրա: «Երբեմն նրանք չափազանց շատ են անհանգստանում տեխնոլոգիաների վերաբերյալ, բայց նրանք շատ լավ կետեր են բարձրացնում»:

2014-ին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից ակադեմիկոս Մաքս Թեգմարկի կողմից ստեղծված եւ տեխնոլոգիական հսկաների, ներառյալ Մասկի, Skype-ից Յան Տալինի եւ կրիպտոհսկա Վիտալիկ Բուտերինի կողմից աջակցվող FLI-ն հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է «գոյաբանական ռիսկերի» դեմ պայքարով՝ իրադարձություններ, որոնք կարող են ոչնչացնել կամ կործանել մարդկությանը: Նրա արտաքին խորհրդականների թվում են դերասաններ Մորգան Ֆրիմանը եւ Ալան Ալդան, ինչպես նաեւ հայտնի գիտնականներ Մարտին (Լորդ) Ռիսը եւ Նիկ Բոստրոմը:

FLI-ի այս սպառնալիքների եւ առաջնահերթությունների շարքում գլխավորը կատաղած արհեստական բանականությունն է:

«Մենք տեսել ենք ինքնաթիռի վթարներ, քանի որ ավտոպիլոտը հնարավոր չի եղել անջատել: Մենք տեսել ենք ԱՄՆ Կապիտոլիումի գրոհը, քանի որ ալգորիթմը առավելագույնի է հասցրել փոխազդեցությունը: Այսօր դրանք արհեստական բանականության անվտանգության խափանումներն են. քանի որ այս համակարգերը դառնում են ավելի հզոր, վնասը կարող է մեծանալ»,- հարցազրույցում ասել է FLI-ի եվրոպական քաղաքականության գծով տնօրեն Մարկ Բրաքելը:

Սակայն լոբբիստական խումբը կանգնած է երկու խնդրի առաջ։ Նախ, նրա ամենահայտնի հովանավոր Մասկը հայտնվել է փոթորկի կենտրոնում, քանի որ զանգվածային կրճատումներ է սկսել Twitter-ում՝ որպես նրա նոր սեփականատեր՝ գրավելով նաեւ կարգավորող մարմինների ուշադրությունը: Մասկի հակասությունները կարող են նյարդայնացնել օրենսդիրներին FLI-ի հետ խոսելիս: Երկրորդ, զարմանալի են խմբի կապերը համոզմունքների այն հավաքածուի հետ, որոնք հայտնի են որպես արդյունավետ ալտրուիզմ:

Բրյուսելում FLI-ի գրասենյակը բացվել է 2021 թվականի կեսերին, երբ քննարկումներ են սկսվել արհեստական բանականության մասին օրենքի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկի շուրջ։

Ծագումով հոլանդացի, նախկին դիվանագետ Բրաքելը ինստիտուտին միացել է 2021 թվականի մայիսին: Նա որոշել է աշխատել արհեստական բանականության քաղաքականության ոլորտում, որը միաժամանակ արդյունավետ էր եւ ոչ բավարար սպասարկվող:

Բրյուսելում հիմնադրման օրվանից ինստիտուտի երեք անդամներից բաղկացած թիմը ղեկավարել է ԱԲ-ի քիչ հայտնի խնդիրները լոբբի անելու ջանքերը:

Խումբը նաեւ խաղում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի տեխնոլոգիական գերակայության վերաբերյալ եվրոպական մտավախությունների վրա: «Ընդհանուր նշանակության ԱԲ համակարգերը ստեղծվում են հիմնականում ԱՄՆ-ում ու Չինաստանում, եւ դա կարող է վնասել Եվրոպայում նորարարությանը, եթե չապահովել դրանց համապատասխանեցումը որոշ պահանջների»,- ասել է Բրաքելը՝ հավելելով, որ այդ փաստարկը արձագանք է գտնում աջ կենտրոնամետ օրենսդիրների շրջանում, որոնց հետ նա վերջերս է հանդիպել։

FLI-ի մեկ այլ հոբբին ԱԲ-ի արգելքն է, որը կարող է մանիպուլացնել մարդու վարքագիծը: Սկզբնական առաջարկն արգելում է մանիպուլյատիվ արհեստական բանականությունը, սակայն դա սահմանափակվում է «ենթագիտակցական» մեթոդներով, որոնք Բրաքելի կարծիքով՝ սողանցքներ կստեղծեն:

Բայց Արհեստական բանականության մասին օրենքի համազեկուցող, Renew-ից ռումինացի պատգամավոր Դրագոշ Տուդորաչեն այժմ պնդում է, որ արգելքն ավելի համապարփակ լինի: