Կլիմայի փոփոխության պատճառով Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, նաեւ բախվել է անվտանգության ոլորտի մի շարք խնդիրների։ Այս մասին նոյեմբերի 28-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։

Նրա խոսքով, անվտանգության առաջնահերթ խնդիրը կապված է հիմնականում ջրային ռեսուրսների հետ։

«Ակնհայտ է, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը կբերի նաեւ ջրի պահանջարկի ավելացման։ Ուստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցը պարբերաբար օրակարգ է բերվում։ Տեղումները նկատելիորեն նվազել են, եւ այս գործընթացը դեռ շարունակվում է։ Ըստ տվյալների՝ 1936 թվականից տեղումները նվազել են 14 տոկոսով: Ջրի կրճատումն էական ազդեցություն կունենա նաեւ գյուղատնտեսության ոլորտի վրա, որը սպառում է ջրային ռեսուրսների զգալի մասը»,- պարզաբանեց Հարությունյանը։

Կլիմայի փոփոխության հետ կապված՝ հաջորդը հարվածի տակ կարող է հայտնվել առողջապահության ոլորտը: Փորձագետի գնահատմամբ՝ աշխարհում կարող է համաճարակային իրավիճակի որոշակի սրացում տեղի ունենալ։

«Կարող են բարենպաստ պայմաններ ստեղծվել վարակների տարածման համար։ Սա լուրջ մարտահրավեր է սրտանոթային հիվանդություններով պացիենտների համար, քանի որ շոգ օրերի թիվը կավելանա ու կավելանա»,- ասաց ՄԱԶԾ ծրագրի համակարգողը։

Սակայն վերը բոլոր թվարկվածներից բացի, ռիսկային իրավիճակ է ստեղծվում նաեւ էներգետիկայի ոլորտում։ Մասնավորապես, ջուր է պահանջվում էներգետիկ ենթակառուցվածքները սառեցնելու համար, ինչպիսիք են ատոմային եւ ջերմային էլեկտրակայանները:

«Բացի այդ, ամառային էներգիայի սպառման առավելագույն ցուցանիշն այսօր հասնում է ձմեռային շրջանի ցուցանիշներին։ Այսինքն՝ շոգից եւ հովացումից պաշտպանվելու վրա ավելի շատ էներգիա է ծախսվել»,- նշեց Հարությունյանը։