Առնվազն 19 բնակավայր սիրիական Հալեպի նահանգի Էշ Շեհբա եւ Աֆրին սահմանամերձ շրջաններում երկուշաբթի ենթարկվել է թուրքական զորքերի գնդակոծությանը։ Ինչպես տեղեկացրել է Firat գործակալությունը, թուրքական բանակի հրետանին նրանց վրա 545 ական է արձակել։ Գործակալության տեղեկատվությամբ՝ Թանիբ ավանում գնդակոծվել է սիրիացի զինվորականների դիրքը, ինչի հետեւանքով զոհվել է երեք զինվոր։

Կիրակի սպանվել էր կառավարական ուժերի եւս հինգ զինծառայող։ Գործակալության տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 20-ից, երբ սկսվել է թուրքական ռազմական «Ճիրան-սուր» գործողությունը, երկրի հյուսիսում տեղակայված սիրիական զորքերի կորուստները կազմել են 22 սպանված։ Քրդական «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» (ԴՍՈւ) շարքերում կա 35 զոհ։

Ավելի վաղ Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը զինվորական օժանդակություն եւ 20 միավոր զինտեխնիկա էր ուղարկել Հալեպի նահանգ՝ հնարավոր թուրքական ներխուժմանը դիմակայելու համար։ Կառավարական ուժերը դիրքեր էին զբաղեցրել Մանբիջ, Թել Ռիֆաաթ եւ Այն-էլ-Արաբ շրջաններում, որոնք գնտվում են քրդական կազմավորումների ձեռքում։

Al Akhbar թերթի տվյալներով՝ մի քանի զինված պարեկախմբեր վերջին 48 ժամվա ընթացքում Բաբ-էս-Սալամ անցակետով տեղափոխվել են Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսում ստեղծված անվտանգության գոտի։ Ընդդիմադիր աղբյուրները պարբերականին հայտնել են, որ մարտական պատրաստվածություն է հայտարարվել թուրքամետ կազմավորումներում, որոնք տեղակայված են Աազազ, Ջերաբլուս եւ Էլ-Բաբ սահմանամերձ շրջաններում։