Աշխարհի ամենաազդեցիկ պարբերականները պահանջում են հանել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մեղադրանքները, տեղեկացրել է «Ազատություն» ռադիոն։

Ամերիկյան The New York Times-ը, բրիտանական The Guardian-ը, ֆրանսիական Le Monde-ը, գերմանական Der Spiegel-ը եւ իսպանական El Pais-ը համապատասխան հայտարարությամբ դիմել են ԱՄՆ իշխանություններին։

Հայտարարության հեղինակների կարծիքով՝ Ասանժի հետապնդումը հակասում է ամերիկյան սահմանադրությանը, քանի որ խախտում է խոսքի ազատության սկզբունքը։

Հայտարարությունում նաեւ նշվել է, որ Wikileaks պլատֆորմում Ասանժի կողմից գաղտնի փաստաթղթերի հրապարակումները, ներառյալ դիվանագետների եւ հատուկ ծառայությունների գրագրությունը, ԶԼՄ-ներին թույլ են տվել հրապարակել ամերիկյան դիվանագիտության ներքին էությունը, ներառյալ միջազգային իրավունքի նորմերի հնարավոր խախտումները։

2012թ. Wikileaks-ը հրապարակել է ավելի քան 250 հազար փաստաթուղթ։ Դրանք հիմք են ծառայել հենց այն պարբերականներում հրապարակումների համար, որոնց գլխավոր խմբագիրները պահանջել են դադարեցնել Ասանժի հետապնդումը։ Ընդ որում՝ լրագրողական հետաքննություններն այդ փաստաթղթերի հիման վրա վարվում են մինչ օրս։