Ժամանակին ներդրվել էր մոդել, որպեսզի հանրային ծառայության ոլորտում աշխատավարձները համադրվեին, ըստ այդմ, կար բազային աշխատավարձ եւ կային գործակիցներ. բազային աշխատավարձը հաշվարկվում էր նվազագույն աշխատավարձի 80-120 տոկոսի չափով եւ կախված աշխատանքային ստաժից, աշխատանքի կատեգորիայից, կախված նրանից, թե ինչ ծառայության մասին է խոսքը, սանդղակով հաշվարկվում էին աշխատավարձերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արդարադատության նախկին փոխնախարար, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին, որով դատախազների աշխատավարձերը կրկնապատկվում են՝ հավելում տրամադրելու եղանակով:

«Որ աշխատավարձների վերանայման անհրաժեշտություն կա, դրա վերաբերյալ առարկություն որպես այդպիսին չունեմ, չնայած այդպես միանշանակ չէ, որ դա պարտադիր է, որ աշխատավարձերի բարձրացումը կարող է խնդիր լուծել կամ չլուծել: Միաժամանակ, եթե աշխատավարձերի բարձրացումն արվում է, պայմանական ասեմ, պարեկային ծառայությունում, հետո նախարարներին անհասկանալի կառուցակարգով տրվում է հավելավճար, հետո Վճռաբեկ դատարան, հետո ՍԴ, հետո ԲԴԽ անդամներ, հետո դատախազություն, տպավորություն է, որ այն  գերատեսչության ղեկավարը, որը քաղաքական դաշտում կարողանում է հիմնավորել իր կարեւորությունը, ստանում է բյուջեի ավելացում, աշխատավարձի ավելացում: Դա որոշակի առումով արատավոր է, որովհետեւ այլ պետական ծառայողները, որոնց ղեկավարը կարող է այդքան էլ «կարեւոր չի» քաղաքական տեսանկյունից, կամ չի կարողանում, կամ կշիռը բավարար չէ, կամ քաղաքականապես հետաքրքրություն չկա այդ ոլորտում, կամ մասնագետները չեն բողոքում ու զանգվածաբար աշխատանքից դուրս չեն գալիս, նրանց աշխատավարձերը չի վերանայվում: Արդյունքում մենք մտնում ենք, չասեմ զոռբայության, բայց անհասկանալի դաշտ»,-հայտարարեց Օրբելյանը:

Նրա խոսքով, եթե սա արվեր համընդհանուր սանդղակային տրամաբանության ներքո, այսինքն համադրելի չափով բարձրանային բոլորի աշխատավարձերը, լրիվ այլ կլիներ. «Նույնկերպ դատախազի աշխատավարձի բարձրացումը պետք է բերի հանրային պաշտպանի գրասենյակի աշխատողների աշխատավարձի բարձրացման, որովհետեւ նրանց աշխատավարձը կապված է դատախազների աշխատավարձի հետ:

Միանշանակ ես կողմ եմ աշխատավարձի բարձրացմանը, բայց միաժամանակ տեսնում եմ, որ արդյունավետությունը ցածր է, հատվածային լուծումներ են փորձում տալ:»,-ընդգծեց նախկին փոխնախարարը:

Հարցին, թե ինչու է իշխանությունը հենց ուժային կառույցների, իրավապահ համակարգի աշխատավարձերը բարձրացնում, նա պատասխանեց. «Դա ոչ թե ես պետք է գուշակեմ, այլ պետք է փաստաթղթի նախագծում լինի հիմնավորումը, թե ինչու է դա արվում: Եթե հիմնավորում չկա, մենք գուշակենք, թե ինչ նպատակներ են հետապնդում, նպատակը ոստիկանապետություն եւ դիկտատուրա ամրապնդելն է, թե այլ նպատակներ ունի, շատ դժվար է: Ընդամենը ընդհանուր ձեւակերպում են տվել՝ ռիսկային պաշտոն, եւ ասում են՝ եկեք 100 տոկոսով հավելում տանք: Աշխատավարձի բարձրացումը կոռուպցիոն ռիսկերը չի նվազեցնում: Ինչ է նշանակում 100 տոկոսով հավելում, այսինքն մենք չենք փոխում սանդղակը, դատախազի աշխատավարձի գործակիցը մնում է նույնը, բայց հավելում ենք  տալիս, որպեսզի, ասենք, հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձերը չավելացնենք»:

Նա նկատեց, որ անհրաժեշտ է կառավարել դատախազի անկախությունը, դատախազը պետք է հասկանա, թե որ դեպքում բողոք բերի, որ դեպքում չբերի. «Բազմաթիվ են դեպքերը, երբ դատախազները դատավարական նյութին ծանոթ չեն: բացի աշխտավարձի ավելացումից էական խնդիր կա, որ բյուջեի հաշվին զարգացվի օրինակ, էլեկտրոնային կառավարության համակարգերը, ավելացվի դասընթացները, քննարկվի մարդկային ռեսուրսների կառավարման գորիքակազմերը, որ հնարավոր լինի բարձրակարգ մասնագետներ ներգրավել: Խնդիրը ոչ թե աշխատավարձի բարձր կամ ցածր լինելն է, այլ աին է, որ հատվածային քաղաքականություն է վարվում:

Եթե աշխատավարձ են ուզում բարձրացնեն, պետք է փոխեն բազիսային թիվը, որպեսզի բոլորինը փոխվի: Իսկ հիմա ստացվում է մի վիճակ, որ ոչ թե բազիսային թիվն ենք փոխում, այլ այստեղ-այնտեղ հավելավճար ենք տալիս, հետո պարգեւավճար ենք տալիս: Սրանով շեղվում ենք սահմանված մեխանիզմից: Չի կարելի ասել՝ այստեղ կարող է կաշառք վերցնեն, բերեք իրենց աշխատավարձը բարձրացնենք: Դա նույնն է, որ մնացած բոլորին ասենք՝ կաշառք վերցրեք, որ ձեր աշխատավարձն էլ բարձրացնենք»,-ասաց Օրբելյանը: