Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50 000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 168 մլն դրամ հետվճար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են ավելի քան 1,8 մլրդ դրամի անկանխիկ շրջանառություն։

10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են «ՎՏԲ Հայաստան բանկը», «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը», «Ակբա բանկը»։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5 000 դրամը։

 Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։