Համակարգի պահպանությունը, անվտանգությունը, ծախսերը, պետական սուբսիդավորումը, բոլորի ղբյուրը մեկն է, սպառողի գրպանը...

Համակարգի պահպանությունը, անվտանգությունը, ծախսերը, պետական սուբսիդավորումը, բոլորի ղբյուրը մեկն է, սպառողի գրպանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր ջրի սկագանի բարձրացման հարցը, հայտարարեց Սպառողների ասացիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

«Ուրիշ աղբյուր չկա, եթե պետությունը սուբսիդավորում է, նշանակում է մեր գրպանից է սուբսիդավորում: Ջրի սակագնի վրա ազդող բազմաթիվ գործոններ կան, որոնց վրա մեր ազդեցությունը մեր ուժերից վեր է, բայց երկու գործոն կա՝ վաճառված ջրի ծավալ եւ կորուստների նվազում, որ մեզնից է կախված, դրանք պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն: Կորուստները 81-ից 69 տոկոս նվազեցելը համարում ենք նվաճում: Հիմնական կորուստը տեխնիկական է եւ կոմերցիոն: 21-րդ դարում 69 տոկոս ջրի կորուստը չի կարող բավարար լինել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ է ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացրել եւ պատրաստել որոշման նախագիծ, ըստ որի, սոցիալապես անապահով խավի համար սակագինը կմնա նույնը՝ 180 դրամ, իսկ մնացած սովորական սպառողների համար սակագինը 200 դրամից կդառնա 208,5 դրամ: Այսօր ՀԾԿՀ-ն ընդունեց այդ որոշումը:

Իսկ ՏԿԵ նախարարությունն էլ հայտարարել է, որ այսօրվա գործող եւ սահմանվելիք սակագների տարբերությունը  կառավարությունը սուբսիդավորելու է: Այսինքն  սպառողի համար ակագնի որեւէ փոփոխություն չի լինի: Սուբսիդավորումը մեկ տարվա համար է:

Հիշեցնենք` դեռևս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու։