Եվրամիությունը միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի նոր սուբսիդիաների վերաբերյալ՝ Եվրոպայի մրցունակությունը պաշտպանելու համար, հայտարարել է ներքին շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Թիերի Բրեթոնը։

«Մենք չենք կարող անգործության մատնվել եւ չենք մատնվի»,- ասել է Բրեթոնը, հայտնում է Reuters-ը:

Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը ստեղծել են աշխատանքային խումբ, որպեսզի քննարկեն Վաշինգտոնի գնաճի նվազեցման մասին 430 միլիարդ դոլար արժողությամբ օրենքը, որն ուղղված է արդյունաբերության աջակցությանը եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Օրինագիծը ներառում է հարկային արտոնություններ, ինչը անբարեխիղճ մրցակցության մտավախություն է առաջացրել ԵՄ անդամ 27 երկրներում:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն ասել է, որ ԱՄՆ օրենքը բոլորովին վատ նորություն չէ՝ կանաչ տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ-ի ներդրումները Գերմանիայի՝ որպես արտահանող երկրի համար հնարավորություն անվանելով:

Սակայն «խնդիրն առաջանում է, երբ մրցակցությունը խեղաթյուրող կանոններն ազդում են ապագա որոշումների վրա, թե որտեղ հիմնավորվել»,- համաժողովում իր բացման խոսքում ասել է Հաբեկը՝ կոչ անելով առաջիկա շաբաթների ընթացքում ակտիվ եվրոպական գործողություններ ձեռնարկել: