Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն դժգոհ է «Ուկրաինայի համար նոր ռազմական ուսումնական առաքելության հարցում Անկարայի հետ ԵՄ-ի փոխգործակցության բացակայությունից», հաղորդում է Anadolu-ն։

«ԵՄ-ն հայտարարել է Ուկրաինայի համար անվտանգության նոր ուսումնական առաքելության մասին։ Կրկին անտեսվել են Թուրքիայի հետ խորհրդակցությունները այդ առաքելության մեկնարկից առաջ»,-ասել է Չավուշօղլուն Ռումինիայում Aspen-GMF Բուխարեստի համաժողովում։ 

Նոյեմբերի 14-ին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները պետք է կանաչ լույս տան ուսումնական առաքելությանը մոտ 15 000 ուկրաինացի զինծառայողների համար:

Չավուշօղլուն ասել է, որ թեեւ «կարեւոր չէ», թե արդյոք Թուրքիան կլինի առաքելության մի մասը, Նա նշել է, որ դա «օրինակ է այն բանի, որ ԵՄ-ն կորցրել է իր ռազմավարական մտածելակերպը մի քանի անդամ պետությունների նեղ շահերի պատճառով»: «Մեզ պետք չէ առաքելության մաս լինել, քանի որ բոլորը գիտեն, թե որքանով ենք մենք աջակցում Ուկրաինային»,-հավելել է նա:

Ընդգծելով «նոր եվրոպական անվտանգության ապահովման համար միասնության ոգին վերագտնելու անհրաժեշտությունը»՝ Չավուշօղլուն ասել է, որ «այս տեսլականի բնական շարունակությունն է ներառականությունը եւ ԵՄ ընդլայնման հեռանկարների վերածնունդը»։

«ԵՄ ընդլայնումը պետք է տարածվի Բալկաններից մինչեւ Վրաստան, ներառյալ Ուկրաինան եւ Մոլդովան։ Եվ այդ տարածաշրջանը չի կարող ամբողջական լինել առանց Թուրքիայի»,-հավելել է նա։