Լեհաստանի կառավարությունը կարծում է, որ Գերմանիայից Patriot հակահրթիռային համակարգերը պետք է պաշտպանեն Լեհաստանի եւ արեւմտյան Ուկրաինայի երկինքը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ հավելելով, որ նման պաշտպանության մասին են խնդրել նաեւ Կիեւի իշխանությունները, որոնց հետ նա զրուցել է շաբաթ օրվա այցի ժամանակ, հայտնում է «Լեհական ռադիոն»։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի երկնքի պաշտպանությանը պետք է ներգրավվեն ռազմական առումով ամենաուժեղ եւ ամենահարուստ դաշնակիցները։ «Ես շատ կողմնակից կլինեմ, որ այդ Patriot-ները տեղակայվեն Ուկրաինայի արեւմտյան մասում։ Այդ դեպքում նրանք կպաշտպանեն մեր երկնքի մի կտորը Լեհաստանի արեւելյան մասում, իսկ ամենակարեւորը՝ ողջ արեւմտյան Ուկրաինան ռուսական այս բարբարոս ահաբեկչական հարձակումներից»:

Նոյեմբերի 20-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը աջակցություն է առաջարկել Լեհաստանին, ներառյալ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը եւ Eurofighter կործանիչները, որոնք կպաշտպանեն Լեհաստանի օդային տարածքը: Հաջորդ օրը Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտնել է, որ ինքը գերմանական կողմին խնդրել է Լեհաստանին առաջարկված Patriot-ները փոխանցել Ուկրաինային։