Չինաստանը Թուրքիային եւ Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել Սիրիայի վրա հարձակումները, հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք պետք է ամուր պաշտպանենք Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սիրիայում անվտանգության ոլորտի իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիային եւ հայտարարել է, որ ցամաքային գործողություն կիրականացնի Սիրիայի դեմ։ Սիրիային Իսրայելի օդային հարվածները նույնպես շարունակվել են»,- ասել է Գեն Շուանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Նրա խոսքով՝ այս բոլոր գործողությունները կոպտորեն խախտում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ կարող են հանգեցնել սիրիական հակամարտության սրման ու տարածման։ «Չինաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում։ Մենք կոչ ենք անում Թուրքիային եւ Իսրայելին անհապաղ դադարեցնել անդրսահմանային հարձակումները, խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է էսկալացիայի հանգեցնել, եւ պահպանել երկխոսությունը՝ համապատասխան հարցերը լուծելու համար»,- ընդգծել է նա։