Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլսթրյոմը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո չի կարողացել հաստատել, որ իր երկիրը 2023թ. կմիանա ՆԱՏՕ-ին, բայց հայտարարել է առաջընթացի առկայության մասին։

«Չեմ ցանկանում կոնկրետ ժամանակ նշել։ Հենց որ [Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցության համար Անկարայի բոլոր պահանջների մասին] եռակողմ հուշագրի  բոլոր պայմանները կատարվեն, մենք, կտեսնենք, թե ինչպես տեղի կունենա [ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրության] վավերացումը թուրքական խորհրդարանի կողմից»,- ասել է շվեդ նախարարը, որը չորեքշաբթի ժամանել է Բուխարեստ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման երկրորդ նստաշրջանին։ Նա պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք սպասում է, որ իր երկիրը կկարողանա ՆԱՏՕ-ին միանալ 2023թ.։

«Ըստ էության, մենք [երեքշաբթի] շատ լավ հանդիպում ունեցանք Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միջեւ։ Ես զգում եմ, որ առաջընթաց կա, մենք շարժվում ենք եռակողմ հուշագրի կատարման ուղղությամբ»,- ավելացրել է նա։