ՄԱԿ-ն առաջարկել է հաջորդ տարի հումանիտար կարիքների համար ողջ պատմության ընթացքում առավելագույն գումար հատկացնել, վկայում են կազմակերպության կայքում տեղադրված նյութերը։

Փաստաթղթի համաձայն, որը մշակել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը, այդ նպատակների համար կարող է հատկացվել 51,5 մլրդ դոլար, ինչը 25 տոկոսով ավելին է, քան ընթացիկ տարեսկզբին։

Ինչպես նշվել է, այս անհրաժեշտությունը կապված է հումանիտար օգնության կարիք ունեցող մարդկանց թվի ավելացման հետ։ Սպասվում է, որ 2023թ. նրանց թիվը կավելանա 65 միլիոնով՝ հասնելով 339 միլիոնի աշխարհի 68 երկրներում։

ՄԱԿ արտակարգ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը նշել է, որ ընթացիկ «էքստրեմալ իրադարձությունները» կշարունակեն ազդեցություն գործել նաեւ եկող տարի, ինչը կհանգեցնի հումանիտար պահանջմունքների «ցնցող» աճի։

Նշվել է, որ 2022թ. աջակցություն է ստացել 157 մլն մարդ։ 127 միլիոնին ցուցաբերվել է օգնություն պարենով, 26 միլիոնին՝ ջրի մատակարարմամբ, 24 միլիոնին՝ գոյության միջոցներով։ 13 միլիոն երեխա հոգեսոցիալական աջակցություն է ստացել։ Բացի այդ, իրականացվել են մայրության պահպանման խորհրդատվություններ, բուժօգնություն է ցուցաբերվել փախստականներին։