G7-ի երկրների արդարադատության նախարարները, Եվրահանձնաժողովը եւ Միջազգային քրեական դատարանը Բեռլինում քննարկում են Ուկրաինայում Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունները եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը։

Բացելով հանդիպումը՝ Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանն ասել է, որ նպատակն է հստակ քաղաքական ազդանշան ուղարկել առ այն, որ «Մեծ յոթնյակը» պարզապես գերտերությունների խումբ չէ, այլ միանման ֆունդամենտալ արժեքներ ունեցող երկրների խումբ, հաղորդում է Euronews-ը։

«Մենք պայմանավորվել ենք հետաքննության համակարգման կոնկրետ քայլերի շուրջ, որպեսզի արդյունավետ միջոցներ ձեռնարկենք ռազմական հանցագործությունների դեմ, որոնք Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի տարածքում։ Հիշեցնեմ, որ միայն ուկրաինական քննչական մարմինները փաստաթղթավորել են ռազմական հանցագործությունների գրեթե 50 000 դեպք»,-ասել է Բուշմանը։

Նա խոստովանել է, որ հետաքննությունը կարող է տարիներ, նույնիսկ տասնամյակներ տեւել, սակայն համոզմունք է հայտնել, որ արդյունքում դատարանի առջեւ կկանգնեն ոչ միայն կատարողները, այլ նաեւ ՌԴ բարձրագոյն ղեկավարությունը։