Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշին (նստավայրը՝ ք․Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ուոլշին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ջանքեր գործադրել երկկողմ համագործակցության առկա ներուժի բացահայտման և իրացման, մասնավորապես` գործարար կապերի հաստատման ուղղությամբ, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում՝ փորձի փոխանակման տարբերակով։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին: Այս համատեքստում Մնացական Սաֆարյանը դեսպան Ուոլշին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: