ԵԱՏՄ հետ ազատ առեւտրի գոտու կազմակերպման իրավաբանական ձեւականությունները նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի փոխնախարար, Իրանի Առեւտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիրեզա Փեյմանփակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Փեյմանփակը եւ Ռուսաստանի Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը չորեքշաբթի Սանկտ Պետերբուրգում «Ռուսաստանի արդյունաբերող» համաժողովի շրջանակում հուշագիր են ստորագրել Ռուսաստան-Իրան գործարար համագործակցության խորհրդի ստեղծման մասին:

«Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության մասին վերջնական պայմանավորվածությունները եւ ձեւականությունները, դա կարող է դրական գործոն լինել, որը կանդրադառնա համատեղ համագործակցության վրա», - ասել է Փեյմանփակը։

Նրա խոսքով՝ իրանական կողմը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ, ինչպես նաև պատրաստ է այդ ազատ գոտուն տրամադրել հարավային նավահանգիստները՝ իրենց բոլոր արտոնություններով։