«Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հավելվածը ներբեռնվել է մոտ մեկուկես միլիոն անգամ, հավելվածն ավելի քան 5 միլիոն օգտատեր ունի։ Նոյեմբերի 30-ին տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա հավելեց, որ հավելվածը նաեւ միջազգային ճանաչում է ստացել հետխորհրդային տարածքի սահմաններից դուրս։

Սարգսյանը նշեց, որ ապագայում նախագիծը կընդլայնվի եւ պահանջարկ կունենա եվրասիական տարածքի քաղաքացիների բժշկական ծառայությունների մատուցումն ապահովելու տեսանկյունից։

«Ընդհանուր առմամբ եվրասիական տարածքի շրջանակում բժշկական քարտի ստեղծումը կնպաստի ընդհանուր ապահովագրական համակարգի ներդրմանը», – հավելեց նախկին վարչապետը։

Նշենք, որ «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հավելվածը, որը հաջողությամբ կիրառվում է ԱՊՀ 9 երկրներում, համարվում է ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի առաջատար նախագիծը։ Նախագծի նախաձեռնողներից է Տիգրան Սարգսյանը։