Ոսկերչական իրերի իրացման համար հարթակ ստեղծելու նախագիծ է մշակվում։ Նոյեմբերի 30-ին տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա չբացառեց, որ այս նախագիծը կվերաբերի Եվրասիական միության մյուս երկրներին, բայց առաջին փուլով դա կլինեն Ռուսաստանն ու Բելառուսը։ Նրա գնահատմամբ՝ խոսքը բավականին բարդ համակարգի մասին է։

«Այն ենթադրում է, որ ոսկերչական իրերը պետք է համապատասխանեն ոսկերչական իրերի վաճառքի մասին բոլոր պայմանագրերին, որոնք գործում են Եվրասիական միության շրջանակում», – նշեց Սարգսյանը։

Նա պարզաբանեց, որ ոսկերչական իրերը, որոնք կհայտնվեն մարկետփլեյսում վաճառքի համար, պետք է համապատասխանեն Միության բոլոր անհրաժեշտ պահանջներին։ Բելառուսական եւ ռուսական կողմերի հետ քննարկվում  է մարկետփլեյսի ստեղծման մասին հարցը, որպեսզի հնարավոր լինի ոսկերչական իրեր վաճառել երրորդ երկրներ։

Միաժամանակ Սարգսյանը խոստովանեց, որ նախաձեռնված բոլոր նախագծերի միայն 10 տոկոսն է հաջողված դառնում։