Ես շատ կուզենայի, որ երկրի նախագահը երկրում ճգնաժամերի կարգավորման հարցում էական նշանակություն ունենար, բայց գոնե մի հատ դեպք բերեք, երբ նախագահ Արմեն Սարգսյանը որեւէ ճգնաժամային լուծում է առաջարկել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Ընդհակառակը, մշտապես խորացրել է ճգնաժամերը, այն պարագայում, երբ բազմիցս ես անձամբ դիմել եմ իրեն, ասելով՝ դուք երկրի սուվերենն եք, դուք պետք է լուծում գտնեք, ստացել ենք ավելի վատ պատասխաններ կամ ավելի վատ լուծումներ»,-ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանը համաձայնեց, որ նախագահը պետք է ներկայացուցչական գործառույթներ իրականացնի խորհրդարանական կառավարման երկրում եւ ստանձնի երկրի նոմինալ ղեկավարի եւ արբիտրի կարգավիճակը. «Այն պետք է ունենա բացարձակ հեղինակություն թե իշխանության, թե ընդդիմության կողմից: Բայց հարց. նախագահը ո՞ր լիազորություններից է օգտվել, որից ընդհանրապես չի օգտվել, եւ երբ ասում ենք՝ լիազորությունները պետք է ավելացնել, Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններից որո՞նք են իրացվել: Կան լիազորություններ, որոնք կարեւոր են սահմանադրական կայունությունն ապահովելու համար, որոնք ընդհանրապես չեն իրացվում»: