«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով մամուլի հրապարակումներն այն մասին, թե կոմբինատի պոչամբարը պայթել է։

Պարզաբանման մեջ ասվում է. «Այսօր մամուլում տեղ գտած հրապարակումները ԶՊՄԿ պոչամբարում իբր «պայթյունի» վերաբերյալ ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը։ Պոչամբարի «պայթյուն» ԶՊՄԿ-ում երբեք տեղի չի ունեցել, եւ վստահ չենք, արդյոք նման լուրեր տարածողները պատկերացնում են, թե ինչ բան է «պոչամբարի պայթյունը» եւ ինչ հետեւանք կարող է ունենալ նման մասշտաբի աղետի մասին կեղծ լուրերի տարածումը Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Հետեւաբար, լրատվամիջոցների մեր գործընկերներից ակնկալում ենք նման դեպքերում չնպաստել կեղծիքի տարածմանը եւ տեղեկատվությունը ճշտել ԶՊՄԿ-ի հետ։ Միշտ պատրաստ ենք տրամադրել իրական պատկերը, ինչը եւ անում ենք ստորեւ։

ԶՊՄԿ-ում տարիների ընթացքում մի քանի անգամ տեղի է ունեցել պոչատարից արտահոսքի դեպք։ Վերջին անգամ նման դեպք գրանցվել է ավելի քան երկու ամիս առաջ՝ ս/թ-ի հոկտեմբերի 13-ին։ Օպերատիվ գործողությունների արդյունքում աղտոտման տարածումը կանխվել է։ Արտահոսքի մասին տեղեկացվել են ՀՀ Սյունիքի մարզի Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները։

Նախկինում՝ (2017-2021) պոչատարից տեղի ունեցած վթարների քանակը հինգն են, որոնց դեպքում աղտոտման է ենթարկվել Ողջի գետը և հարուցվել է քրեական գործ (մեկ դեպքում)։

Հարկ ենք համարում նշել, որ նման միջադեպերի խորքային պատճառները՝ ԶՊՄԿ-ում տարիների ընթացքում կուտակված թե' ընթացակարգային, թե' տեխնիկական վերազինման անհրաժեշտության հետ կապված խնդիրն է։ ԶՊՄԿ նոր սեփականատեր ՝ Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը 2021 թ. հոկտեմբերից ստանձնել է ընկերության կառավարումը, հանձնառելով ԶՊՄԿ-ում առկա բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական խնդիրների աստիճանական բացահայտման եւ լուծման պարտավորություն։

Այժմ իրականացվում է առկա իրավիճակի համապարփակ աուդիտ եւ գնահատում։ Խնդիրների մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը՝ ներկայացնելով տարիների կուտակված հարցերի լուծման ռազմավարությունը։

ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության հենասյունն է եւ դրա ներուժը լիարժեք բացահայտելը եւ օգտագործելը՝ հաշվի առնելով կուտակված խնդիրները, պահանջելու են երկար, հետևողական աշխատանք, զգալի միջոցներ և բոլոր մասնակիցների, այդ թվում՝ ազդակիր համայնքների, կոլեկտիվի, հասարակության և ԶԼՄ-ների համատեղ ջանքերը»:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոնաջրերը շարունակում են առատորեն աղտոտել Ողջի գետն ու պոչամբարի հարակից բնակավայրերը: Օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ բոլորովին վերջերս կոմբինատին պատկանող «Արծվանիկի» պոչամբարի թափոնաջրերն ու պոչանքները ոչ միայն Աճանան վտակ, այնուհետ՝ Ողջի գետ, այլ նաև հարակից բնակավայրեր են հասել, աղտոտել միջավայրն ու վնասել գյուղացիական տնտեսությունները:

«Իսկ ինչ վերաբերում է ՀՀ շրջակա միջավայի նախարար Հակոբ Սիմիդյանին, ապա պետք է նկատել, որ նրան ու իր թիմին հետաքրքրում էր պղնձամոլիբդենային կոմբինատը, մինչև իր ընկերները տեղավորվեցին այնտեղ աշխատանքի, հիմա է՛լ բնապահպանական խնդիրները չեն մտահոգում: Դեռ կանդրադառնանք պղնձամոլիբդենային կոմբինատի վնասարար գործունեությանը», - գրել է թերթը։

Իրավատեր Կապանցիներ Բնապահպանական ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝  կից գրառմամբ. «Ողջի գետը Քաջարան քաղաքում. երեք օր է այս վիճակն է»։