ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերի նախագծերի քննարկման նպատակով:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամներ և տեսչական մարմնի այլ ներկայացուցիչներ:

Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը հակիրճ ներկայացրել է 2023 թվականին նախատեսվող աշխատանքները` նշելով, որ 2023 թվականին Կրթության տեսչական մարմինն ուսումնական հաստատություններում իրականացնելու է 140 ստուգում, որից 11-ը՝ նախադպրոցական, 120-ը՝ հանրակրթական, 2-ը՝ նախնական մասնագիտական և 7-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։

Վահրամ Դումանյանը, կարևորելով տեսչական մարմնի աշխատանքը, ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում մասնագիտական դիտարկումները և որակի գնահատումը առաջնային խնդիր են: Նախարարի խոսքով` բոլոր ստուգումները վերջնարդյունքում պետք է նպաստեն հանրակրթության որակի բարելավմանը:

Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ ներկայում առավել ռիսկային կարող է համարվել մասնագիտական կրթության ոլորտը. «ՀՀ տնտեսության զարգացման համար միջին մասնագիտական հաստատությունները շատ կարևոր օղակ են: Անկասկած, կրթական բոլոր հաստատություններն էլ մշտապես պետք է պետության ուշադրության կենտրոնում լինեն, հարկ է ուսումնասիրել և վերծանել խնդիրները՝ մշակելով համապատասխան լուծումներ»:

ԿԳՄՍ նախարարը Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամներին առաջարկել  է ընդլայնել խորհրդի կազմը՝ ներառելով նաև համապատասխան ոլորտների համար պատասխանատու փոխնախարարներին, ինչն արդյունավետ կլինի առկա խնդիրներն առավել խորքային քննարկելու տեսանկյունից:

Կրթության տեսչական մարմինն իր առջև նպատակ է դրել աջակցել օրենսդրության պահանջների պահպանման ապահովմանը, կրթության որակի բարձրացմանը և կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Նշենք, որ Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության և ստուգումների ծրագրերը, ինչպես նաև Կրթության տեսչական մարմնի որակի ստորաբաժանման 2023 թվականի գործունեության ծրագիրը կներկայացվեն խորհրդի հաստատմանը և սահմանված կարգով կհրապարակվեն:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր: