Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման ու բարելավման հարցին:

Նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրության հարցը:

Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:

Զեկուցումներից հետո խորհրդի անդամների և զեկուցողների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան, խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով:

Նիստի ավարտին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, դեմ՝ 1, ձեռնապահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը:

Այս առնչությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քիչ առաջ որոշում կայացրեց, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, դեպի նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական:

Ես կողմ եմ քվեարկել այս մոտեցմանը, քանի որ՝

  1. Խորհրդարանական կառավարման մոդելը ավելի քիչ է հակված ճգնաժամերի ու ավելի է նպաստում դրանց ժողովրդավարական ու խաղաղ լուծմանը,
  2. Ի տարբերություն նախագահականի (ու կիսանախագահականի), խորհրդարանական մոդելում գործադիր ու օրենսդիր ճյուղերը ձևավորվում են նույն ընտրություններով, և գործնականում բացառվում է օրենսդիր ու գործադիր ճյուղերի առճակատումը,
  3. Հայաստանն ի վիճակի չէ կառավարման մոդել փոխել, քանի որ դա մեծ սթրես կլինի պետական կառավարման համակարգի համար:

«Հստակության համար նշեմ, որ խորհրդարանականը նախագահական կամ կիսանախագահականից տարբերվում է նրանով, թե ով է գործադիր իշխանության ղեկավարը՝ խորհրդարանի ընտրած վարչապե՞տը, թե՞ ժողովրդի ընտրած նախագահը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», այդուհանդերձ, համարում է, որ առկա մոդելը ևս լիարժեք խորհրդարանական չէ: Այն որոշակիորեն նախագահական է՝ առանց նախագահական ընտրությունների: Այս առումով մենք «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» հետ միասին մի շարք առաջարկներ ենք ներկայացրել, որ իշխանության փոխզսպումների ու հակակշռման իրական մեխանիզմներ լինեն:

Այդ մասին դեռ կիրազեկենք հանրությանը: Բայց կարճ ասեմ, որ մենք առաջարկում ենք, որ խորհրդարանական կարգով հանդերձ՝ Հանրապետության նախագահն ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ, օժտված չլինի գործադիր իշխանությանը հատուկ որևէ գործառույթով, բայց ունենա հակակշռման ֆունկցիաներ, օրինակ՝ իրական մասնակցություն դատական, ընտրական ու հակակոռուպցիոն մարմինների ձևավորմանը:

Հ.Գ. Իրականում շատ լավ կլիներ, որ կառավարման մոդելի հարցը որոշվեր առանձին խորհրդատվական (միջանկյալ) հանրաքվեով, և այդ հանրաքվեի արդյունքներով մեր խորհուրդը կառուցեր լավ խորհրդարանական կամ կիսանախագահական սահմանադրության նախագիծ: Այդ դեպքում ժողովուրդը է՛լ ավելի կզգար, որ օրինականության ու կարգի հեղինակը ինքն է: Բայց, ցավոք սրտի, այս իրավիճակում միջանկյալ հանրաքվե անելը իրատեսական չէ»,- գրել է Իոաննիսյանը: