Թուրքիան դեռեւս կոնկրետ քայլեր է ակնկալում Շվեդիայից եւ Ֆինլանդիայից ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

Նա հիշեցրել է, որ նախօրեին Բուխարեստում եռակողմ հանդիպում է ունեցել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների հետ։

«Քննարկել ենք եռակողմ հուշագրի շրջանակներում ձեռնարկված քայլերը։ Մենք հերթական անգամ հիշեցրել ենք թուրքական կողմի ակնկալիքների մասին։ Շվեդիան եւ Ֆինլանդիան որոշ քայլեր են ձեռնարկել իրենց պարտավորությունների շրջանակում։ Մենք չենք անտեսում այդ քայլերը։ Սակայն դեռեւս չի հաջողվել զգալի առաջընթացի հասնել»,-հավելել է նա։