Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված նպատակ է. արդյոք կհաջողվի մինչեւ տարեվերջ դա իրականացնել, ցավոք, միայն մեզնից չի կախված: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը

«Հայաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որ դա տեղի ունենա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանն արդեն հայտարարում է, որ իրենց 8 գյուղեր գտնվում են հայկական օկուպացիայի տակ, արդյոք սահմանազատման ուղղությամբ գործընթաց ընթանում է, Աղաջանյանը պատասխանեց. «Դրանք նոր հայտարարություններ չեն, գործընթաց տեղի է ունենում, բայց գործընթացներին պետք է մոտենանք ընդհանուր ժամանակի համատեքստում: Դա չպետք է ընկալել ամենօրյա հանդիպումների տեսքով: Այո, հանդիպումներ լինում են, բայց դրանց արանքում ոչ հրապարակային գործընթացներ եւ խոսակցություններ եւս տեղի են ունենում»:

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին եւ հարցին, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է գնալու խաղաղության, նա արձագանքեց. «Սահմանին իրավիճակը լարված է եղել այս ամբողջ ժամանակահատվածում: Դրան զուգահեռ, բնականաբար, քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում:

Մենք պետք է առաջնորդվենք մեր կողմից առաջ քաշված օրակարգով եւ  ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը դառնա այդ օրակարգի կրող եւ մաս: Արդյոք մեզ մինչ այս պահը 100 տոկոսով հաջողվել է իրականացնել, ցավոք ոչ, ինչը չի նշանակում, որ որ մենք պետք է հրաժարվենք մեր ընդունած օրակարգից»: