Իրանը հասկանում է Թուրքիայի մտահոգությունը՝ կապված Սիրիայից բխող անվտանգության սպառնալիքների հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Անկարային հիշեցնելով, որ ռազմական գործողությունները ոչ թե կլուծեն խնդիրները, այլ կբարդացնեն իրավիճակը:

Իրանի արտգործնախարարն ու նրա թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայի եւ Սիրիայի ընդհանուր սահմանների երկայնքով լարվածության սրումը եւ ռազմական բախումները։

Աբդոլլահիանն ասել է, որ Իրանը հասկանում է Թուրքիայի մտահոգությունները՝ կապված անվտանգության հետ, եւ նշել է, որ խնդիրների լուծումը պահանջում է Անկարայի եւ Դամասկոսի միջեւ անվտանգության հարցերի շուրջ բանակցությունների շարունակություն:

Նա ընդգծել է, որ Սիրիայում Թուրքիայի ցամաքային ռազմական գործողությունը ոչ միայն չի օգնի կարգավորել խնդիրները, այլեւ վնաս կհասցնի եւ ավելի կբարդացնի իրավիճակը: Նա նաեւ հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ աջակցել  Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ խնդիրների քաղաքական կարգավորմանը։

Իր հերթին, Չավուշօղլուն ներկայացրել է ընթացիկ իրադարձություններն ու Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ։ Նա նաեւ բարձր է գնահատել Իրանի կառուցողական դերը եւ ընդգծել շփումների շարունակման անհրաժեշտությունը: