Նոյեմբերի 27-ին ոստիկանության Տարոնի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ ժամը 16.30-ից 18-00-ն ընկած ժամանակահատվածում առևանգել են Նարեկացու փողոցում կայանված մեքենան։ «Օպելի» դուռը բաց էր եղել, բանալին էլ՝ մեջը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նրանց միացան նաև պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկանները։

Պարեկներն առևանգված մեքենան ժամեր անց հայտնաբերեցին Վանաձորում և տեղափոխեցին պահպանվող հատուկ տարածք, իսկ մեքենան վարող 53-ամյա տղամարդը ձերբակալվեց։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ձերբակալվածը Երևանի 53-ամյա բնակիչ է, որը թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։