Վեճերն այն մասին, թե ում են պատկանում հնագույն արտեֆակտները, ավելի ու ավելի բարդ խնդիր է դառնում Եվրոպայի եւ Ամերիկայի թանգարանների համար, եւ ուշադրության կենտրոնում է հայտնվել  Բրիտանական թանգարանի ամենահայտնի ցուցանմուշը՝ Ռոզետայի քարը, հայտնում է AP-ն:

Մուգ մոխրագույն գրանիտե սալիկի վրա գրառումները իսկական բեկում են դարձել հին եգիպտական հիերոգլիֆների վերծանման գործում այն բանից հետո, երբ այն 1801 թվականին Բրիտանական կայսրության զորքերը դուրս են բերել Եգիպտոսից:

Այժմ, երբ Բրիտանիայի ամենամեծ թանգարանը նշում է հիերոգլիֆների վերծանման 200-ամյակը, հազարավոր եգիպտացիներ պահանջում են վերադարձնել քարը։

«Բրիտանական թանգարանում քարի պահպանումը Եգիպտոսի դեմ արեւմտյան մշակութային բռնության խորհրդանիշն է»,- ասել է Արաբական գիտությունների, տեխնոլոգիաների եւ ծովային տրանսպորտի ակադեմիայի դեկան եւ երկու խնդրագրերից մեկի կազմակերպիչ Մոնիկա Հաննան։

Ռոզետայի քարի ձեռքբերումը կապված է եղել Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կայսերական մարտերի հետ: Նապոլեոն Բոնապարտի կողմից Եգիպտոսի ռազմական օկուպացիայից հետո ֆրանսիացի գիտնականները քարը հայտնաբերել են 1799 թվականին՝ հյուսիսային Ռաշիդ քաղաքում, որը ֆրանսիացիներին հայտնի է որպես Ռոզետա: Երբ բրիտանական զորքերը Եգիպտոսում հաղթել են ֆրանսիացիներին, քարը եւ ավելի քան մեկ տասնյակ այլ հնություններ հանձնվել են բրիտանացիներին՝ 1801 թվականի կապիտուլյացիայի պայմանագրի համաձայն:

Դրանից հետո այն ցուցադրվել է Բրիտանական թանգարանում:

Հաննայի խնդրագրում, որը 4200 ստորագրություն է հավաքել, ասվում է, որ քարն անօրինական կերպով առգրավվել է եւ հանդիսանում է «պատերազմի ավար»: Այս պնդումը կրկնվում է Եգիպտոսի հնությունների հարցերով նախկին նախարար Զահի Հավասի գրեթե նույն խնդրագրում, որը հավաքել է ավելի քան 100 000 ստորագրություն: Հավասը պնդում է, որ Եգիպտոսը ձայնի իրավունք չի ունեցել 1801 թվականի համաձայնագրում։

Բրիտանական թանգարանը հերքում է դա։ Թանգարանի հայտարարության մեջ ասվում է, որ 1801 թվականի պայմանագիրը ներառում է Եգիպտոսի ներկայացուցչի ստորագրությունը: Խոսքը վերաբերում է օսմանյան ծովակալին, որը բրիտանացիների կողքին կռվել է ֆրանսիացիների դեմ։ Ստամբուլում օսմանյան սուլթանը Եգիպտոսի անվանական տիրակալն է եղել Նապոլեոնի ներխուժման ժամանակ։

Թանգարանում նաեւ հայտնել են, որ Եգիպտոսի կառավարությունը դրա վերադարձի հայտ չի ներկայացրել։