Սաուդյան Արաբիան նախատեսում է դեկտեմբերի 9-ին չին-արաբական գագաթաժողով անցկացնել, որին կմասնակցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ թագավորություն կատարած այցի ժամանակ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արաբ դիվանագետներին։

Սի Ծինփինը Էր Ռիադ կժամանի դեկտեմբերի 7-ին, հայտնել են աղբյուրները: Չին-արաբական հանդիպման հրավերներ են ուղարկվել Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի առաջնորդներին, ասել են դիվանագետները:

Սպասվում է, որ չինական պատվիրակությունը էներգետիկային, անվտանգությանը եւ ներդրումներին վերաբերող տասնյակ համաձայնագրեր ու փոխըմբռնման հուշագրեր կստորագրի Պարսից ծոցի եւ արաբական այլ երկրների հետ, ասել են դիվանագետները՝ մանրամասներ չներկայացնելով։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ալ-Ջուբեյրն այս ամսվա սկզբին հայտնել էր, որ առեւտրային կապերն ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը առաջնահերթություն կլինեն այցի համար, որը նաեւ կներառի Չինաստան-Պարսից ծոց գագաթաժողովը՝ արաբական ավելի լայն հանդիպումների հետ մեկտեղ:

«Ներկայացվածության մակարդակը կախված է յուրաքանչյուր երկրից, որտեղ ակնկալվում է, որ շատ արաբ առաջնորդներ կմասնակցեն, մյուսները կուղարկեն առնվազն իրենց արտաքին գործերի նախարարներին»,- ասել է արաբ դիվանագետներից մեկը:

Սի Ծինփինի այցը տեղի է ունենում ինչպես Պեկինի, այնպես էլ Էր Ռիադի հետ Վաշինգտոնի հարաբերությունների լարվածության ֆոնին, որոնք կապված են մարդու իրավունքների եւ Ուկրաինայում պատերազմի հետ, ինչպես նաեւ Չինաստանի հետ աճող տնտեսական մրցակցության ֆոնին, որն օգտագործում է իր տնտեսական հզորությունը որպես դիվանագիտական լծակ:

Պարսից ծոցի արաբական երկրները վերջին մի քանի տարիների ընթացքում ամրապնդել են կապերը Չինաստանի եւ Ռուսաստանի հետ այն ժամանակ, երբ տարածաշրջանում աճել են անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի առանցքային գործընկերոջ հավատարմության վերաբերյալ կասկածները:

Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները դիմակայում են «որեւէ կողմ ընտրելու» հարցում ԱՄՆ-ի ճնշմանը, երբ խոսքը վերաբերում է խոշոր առեւտրային գործընկեր Չինաստանի եւ նավթ արտադրողների ՕՊԵԿ+ դաշինքի անդամ Ռուսաստանի հետ կապերին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վրդովված էր հոկտեմբերին արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ+-ի որոշումից՝ չնայած ԱՄՆ-ի առարկություններին, ինչն էլ ավելի է թուլացրել Սաուդյան Արաբիայի հետ երկարատեւ կապերը, որոնք Բայդենը փորձել էր կարգավորել հուլիսին թագավորություն կատարած այցի ժամանակ: