Թուրքիան ծովում 2 200 մետր խորության վրա գազի 280 տոննայանոց պահեստարան է տեղադրել, որը կպահեստավորի սեւծովյան հորատանցքերից ստացվող գազը, գործողությունն իրականացվել է քսան ժամ, հինգշաբթի գրել է Yeni Şafak թերթը։

«Սեւծովյան գազը փոքր-ինչ մոտեցել է ցամաքին։ 280 տոննայանոց հսկա բաշխիչ պահեստարանը, որը կհավաքի հորատանցքերից ստացվող գազը եւ այն հիմնականում կմիացնի խողովակաշարերին, տեղադրվել է ծովում, 2 200 մետր խորության վրա։ 20 ժամ տեւած գործողությունն իրականացվել է վիրաբույժի ճշգրտությամբ, որպեսզի երաշխավորվի, որ այն (պահեստարանը) մի միլիմետր անգամ չի տեղաշարժվի»,- գրել է պարբերականը։

Տեղեկացվել է, որ թուրքական նավթային կորպորացիայի (TPAO) բրիգադների աշխատանքը Սակարիա հանքում, որը համարվում է ամենամեծը Թուրքիայի պատմության մեջ, շարունակվում է շուրջօրյա։

«Այդ հսկա բաշխիչ «Peçenek» պահեստարանը, որը կհավաքի հորատանցքերի գազը եւ կմիացնի գլխավոր խողովակաշարին, նավահանգստից Սակարիա գազահանք է բերվել նավով, այստեղ էլ կատարվելու է գործարկումը։ Հսկա սարքավորումը, որն իջեցվել է ծովի հատակ հատուկ ամբարձիչների եւ ստորջրյա ռոբոտների օգնությամբ, տեղադրվել է վիրաբույժի ճշգրտությամբ կատարված աշխատանքի արդյունքում։ Գործողությունը, որը կատարվել է ամբողջ գիշեր, տեւել է 20 ժամ»,- նշել է պարբերականը։

Ավելի վաղ Sabah թերթը գրել էր, որ Թուրքիան մոտ 10 մլրդ դոլար կներդնի Սակարիա գազահանքում 540 մլրդ խորանարդ մետր գազի արդյունահանման եւ Սեւ ծովով տեղափոխման նախագծում։ Ըստ պլանների՝ առաջին գազը հանքից Թուրքիան պետք է ստանա 2023թ.։ Դոմնեզն ինքը տեղեկացրել էր, որ Սեւ ծովում հայտնաբերված գազի հաշվարկային արժեքը կազմում է 400 մլրդ դոլար։