Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատերազմը կավարտվի կամ երբ Ուկրաինան հաղթի, կամ երբ դա ցանկանա Ռուսաստանի Դաշնությունը։ Եթե Ուկրաինան չդիմանա Ռուսաստանի ագրեսիային, ապա այդ պատերազմը կտարածվի այլ տարածքներում, գուցե եւ այլ մայրցամաքներում, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը։

Ինչպես նշվել է պետության ղեկավարի կայքի հաղորդագրությունում, պատասխանելով The New York Times DealBook-ի հարցին, թե երբ, ըստ նրա, կավարտվի պատերազմը, Զելենսկին նշել է, որ ուկրաինացիներն իրատես են։ Նրանք հասկանում են, որ կռվում են Ռուսաստանի Դաշնության դեմ, իսկ իրենց տարածքում տեղի են ունենում ամենամասշտաբային մարտական գործողությունները Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր, որոնք ուղեկցվում են ռազմական հանցագործություններով՝ կտտանքներով, բռնաբարություններով, քաղաքացիական օբյեկտներին եւ ենթակառուցվածքին հասցվող հրթիռային հարվածներով։

«Կավարտվի այն ժամանակ, երբ մենք հաղթենք, կամ այն ժամանակ, երբ դա ցանկանա Ռուսաստանի Դաշնությունը։ Կարող է այնպես պատահել, որ ՌԴ-ն ցանկանա միայն այն ժամանակ, երբ զգա, որ թույլ է, մեկուսացման մեջ է եւ գործընկերներ չունի»,- նշել է նախագահը։

Հենց դրա համար է, ըստ նրա, այդքան կարեւոր Ուկրաինային աջակցությունը գործընկերների եւ ողջ ազատ աշխարհի կողմից։ Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ուկրաինացիներին օգնության եւ աջակցության համար, որոնք ստիպված են եղել ապաստան որոնել աշխարհի տարբեր երկրներում՝ փրկվելով պատերազմից։

Միեւնույն ժամանակ, Զելենսկին կոչ է արել չկրկնել Ռուսաստանի նարատիվները, որը փորձում է հաշվել Ուկրաինային տրամադրվող միջազգային օգնության արժեքը կամ համեմատել մեր երկրի պատերազմն այլ հակամարտությունների հետ։ Պետության ղեկավարը նշել է, որ այս պատերազմի արժեքը չափվում է նախ եւ առաջ ուկրաինացի քաղաքացիների կյանքով, որոնք պայքարում են հանուն ազատության եւ դեմոկրատիայի ոչ միայն Ուկրաինայում, այլեւ ամբողջ աշխարհում։

«Որովհետեւ, եթե Ուկրաինան չդիմանա, այս պատերազմը կտեղափոխվի այլ տարածքներ, եւ, գուցե, այլ մայրցամաքներ»,- ընդգծել է նա։