Մասնագետներն ասում են, որ ընկերությունը միայն նրանք չեն, ում հետ նստած եք դպրոցում կամ խաղում եք միեւնույն սպորտային թիմում։ Ընկերները մարդկային փորձի հիմնական բաղադրիչն են:

Բայց հետազոտության համաձայն՝ հասուն տարիքում խորը, բովանդակալից ընկերություն սկսելը եւ պահպանելը դժվար է, հատկապես տղամարդկանց համար։ 

Ամերիկյան հետազոտական կենտրոնի կողմից 2021 թվականին անցկացված հարցման համաձայն ՝ տղամարդկանց կեսից պակասը հայտնում է, որ գոհ է իրենց ընկերությունից, եւ միայն մեկ հինգերորդն է ասել, որ զգացմունքային աջակցություն է ստացել ընկերոջից։

Տղամարդկանց միջեւ ընկերական կապերի նվազումը սկսվում է մոտավորապես միջին եւ ուշ պատանեկության շրջանում եւ ավելի կտրուկ է դառնում հասուն տարիքում, պնդում է Ջուդի Յի-Չունգ Չուն, ով տղաների հոգեբանական զարգացման դասընթաց է դասավանդում Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանում, գրում է CNN-ը։

Բոլոր մարդիկ ունեն բնածին ունակություն եւ ցանկություն մտերիմների հետ շփվելու համար։ Մեզ անհրաժեշտ են այդ հարաբերությունները՝ մանուկ հասակում գոյատեւելու, ապա՝ բարգավաճելու համար, նշում է Չուն։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սերտ ընկերությունը պաշտպանում է մեր մտավոր եւ ֆիզիկական առողջությունը, ավելացրել է նա: Եվ տղամարդիկ, ովքեր նախընտրում են այս հարաբերությունները, պայքարում են մարդու առողջության համար ամենավնասակար միայնության դեմ, ասում է Նյու Ջերսի նահանգից հոգեբան Ֆրենկ Սիլեոն։

Գիտնականները նշում են, որ այժմ շատ տղամարդիկ ձգտում են առողջ սնվել, մարզվել, հաջողության հասնել կարիերայում եւ երեխաներ մեծացնել, բայց տղամարդիկ նույնպես պետք է առաջնահերթություն տան հասուն տարիքում ընկերության զարգացմանը: