Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հյուրընկալող կողմին քննադատել է Վաշինգտոն կատարած պետական այցի առաջին օրը՝ չորեքշաբթի ամերիկացի օրենսդիրներին հայտարարելով, որ Ջո Բայդենի վարչակազմի նախաձեռնությամբ մտցված արդյունաբերական սուբսիդիաները «գերագրեսիվ» են ֆրանսիացի մրցակիցների հանդեպ, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Դա շատ ագրեսիվ է մեր գործարարների հանդեպ»,- ասել է Մակրոնը կոնգրեսականների եւ բիզնես-առաջնորդների հետ զրույցում, որը տեղի է ունեցել հինգշաբթի, ճաշկերույթի ժամանակ, նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ։

Մակրոնը նկատի է ունեցել Բայդենի ստորագրած օրենքը «Գնաճի իջեցման մասին» (IRA), որի համաձայն՝ միլիարդավոր դոլարներ են ներդրվելու էկոլոգիապես մաքուր ճյուղերում, ամերիկյան արտադրողներին ակտիվ աջակցությամբ։ Սպիտակ տունը գովազդում է IRA-ն որպես ԱՄՆ-ում արտադրությունը վերածնելու եւ վերականգնվող տեխնոլոգիաներն առաջ մղելու նորարարական փորձ, բայց Եվրամիության կառավարությունները զայրացած են օրենսդրության ընդունմամբ՝ սպառնալով առեւտրային պատերազմ սկսել, որպեսզի սուբսիդավորեն «կանաչ» տնտեսության սեփական սեկտորը։

Մակրոնի խոսքերը, որն ասել է, որ պարզապես ցանկանում է, որ իրեն «հարգեն որպես լավ բարեկամի», մթագնել են մանրակրկիտ ծրագրված պետական այցը, որը պետք է նշանավորեր ամերիկա-ֆրանսիական պատմական կապերը եւ լուծեր ավելի բարդ խնդիրներ, որոնք կանգնած են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի Տրանսատլանտյան դաշինքի առջեւ։

«Մենք չենք ցանկանում դառնալ շուկա ամերիկյան ապրանքների վաճառքի համար, որովհետեւ ճիշտ նույն ապրանքներն ունենք, ինչ եւ դուք»,- ասել է Մակրոնը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայում կա սեփական միջին դաս, որն աշխատանքի կարիք ունի։ «Եվ IRA-ի հետեւանք այն է, որ դուք, գուցե, կլուծեք ձեր խնդիրը, բայց կխորացնեք մեր խնդիրները։ Ներողություն ճիշտ խոսքի համար»,- ասել է նա։

Սպիտակ տանը հայտարարում են, որ պետական այցը կապված է «ջերմ հարաբերությունների» հետ, որոնք հաստատվել են երկու նախագահների միջեւ։

ԱՄՆ ձեռքբերումները էկոլոգիապես մաքուր էներգետիկայի ոլորտում կօգնեն նաեւ եվրոպացիներին, ասել է մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։ IRA-ն, ըստ նրա, «զգալի հնարավորություններ է բացում եվրոպական ընկերությունների, ինչպես նաեւ առավելություններ ԵՄ էներգետիկ անվտանգության համար։ Սա մրցակցություն չէ, որտեղ մեկի շահելը դառնում է պարտություն մյուս մասնակիցների համար»։