Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց օրինագծերի փաթեթին, որոնց նպատակը անավարտ շինություններն ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով փաթեթը՝ ասաց. «Առաջին կարգավորումը վերաբերում է նրան, որ երբ առաջին շինթույլտվության ժամկետն ավարտվում է, պետք է այդ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր  ավարտված շենքի համար:

Հաջորդը, անավարտ շինություններն ավարտին չհասցնելու պատճառներից մեկն այն է, որ տեղական տուրքի դրույքաչափերը թույլտվության համար շատ ցածր են:  Օրինակ,  Երեւանում, ցանկացած գոտում, օրինակ 5 հազար քմ շինարարության  համար տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 հազար դրամ: Մենք առաջարկում ենք այդ դրույքաչափերը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գորտիականությամբ: Այդ բարձրացումը կարող է կազմել 2-10 անգամ: Մասնավորապես, Երեւանում 5 հազար քմ տարածքի համար շինթույլտվության տուրքը կկազմի ոչ թե 500 հազար, այլ 5 մլն դրամ:

Նախատեսում ենք նաեւ, որ երկրորդ, երրորդ անգամ շինթույլտվության ժամկետը երկարացնելու համար պետք է վճարվի ավելի բարձր դրույքաչափով տուրք, քան առաջին անգամ էր վճարել:

Երեւանում սա վերաբերելու է բոլոր շենք-շինություններին, իսկ Երեւանից դուրս չի վերաբերելու բնակելի տներին, իսկ սահմանամերձ բնակավայրերում որեւէ փոփոխություն չի լինի»: